Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան

52
Այսօր, 17:12
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում կա 3 կայացած կուսակցություն՝ ՀՅԴ, ՔՊ և ՀՀԿ։ Կայացման ճանապարհին են «Ապրելու երկիր», ԲՀԿ, «Զարթոնք», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները, որոնք, սակայն, պետք է բարդ, երկարատև, մեծ ռեսուրսներ պահանջող ու սկզբունքային աշխատանք անեն, որ կարողանան հասնել հաջողության։
Մյուս մեծ ու փոքր կուսակցությունները ավելի շուտ ստեղծված են մեկ մարդու շուրջը, և այն պահին, երբ այդ մեկ մարդը որոշի փոխել հայացքները, կուսակցության հռչակած արժեքները ևս կփոխվեն, հիմնադիր մեկ մարդը որոշի ընդհանրապես հեռանալ, կուսակցությունը ևս անմիջապես կփլուզվի։
Մեծ հաշվով, այդպես մեկ անձի շուրջ է Հայաստանի բոլոր կուսակցությունների վիճակը, բացի ՀՅԴ-ից և մասամբ ՀՀԿ-ից։
Պատկերացրեք, Սամվել Կարապետյանը հեռանա քաղաքականությունից, ի՞նչ կլինի «Ուժեղ Հայաստան»-ի հետ, կամ՝ պատկերացրեք, չլինի Նիկոլ Փաշինյանը, հաջորդ օրը ՔՊ-ում առնետավազք սկսվի, և մի մասը կփորձի մտնել «Ուժեղ Հայաստան», մի մասը՝ ՀՀԿ, մյուս մասն էլ կվազի՝ Թուրքիա կաշին փրկելու համար։ ՀՀԿ-ի դեպքում էլ ամեն ինչ կենտրոնացած է Սերժ Սարգսյանի գործոնի շուրջ։ ՔՊ-ի ու ՀՀԿ-ի առավելությունը մյուս կուսակցություններից այն է, որ նրանք ունեն կայացած ներքին համակարգ և գաղափարախոսություն։ Լավ, թե վատ՝ այլ հարց է։
Հայաստանում միայն ՀՅԴ-ն է, որ անկախ իր ղեկավար կազմի վարքագծից, չի փլուզվում։ Պատկերացրեք, Իշխան Սաղաթելյանը կամ Արմեն Ռուստամյանը հեռանան քաղաքական դաշտից, ի՞նչ կլինի։ Ոչինչ էլ չի լինի։ Կուսակցությունը կշարունակի գործել նույն ծրագրերով ու գաղափարաներով։
Ես դաշնակցական չեմ, շատ հաճախ եմ քննադատում ՀՅԴ-ին իր մի շարք քայլերի համար, բայց նաև պարտավոր եմ հաջողված իրողությունների մասին ևս խոսել։ Կարծում եմ, ՀՅԴ-ի կայացած լինելը գալիս է իր 136 տարվա փորձից և հատկապես շարքային անդամների նվիրումից։
Հատուկ չեմ անդրադարձել հայկական ավանդական մյուս երկու կուսակցություններին՝ Ռամկավարներին ու Հնչակյաններին, քանի որ նրանք հիմնականում գործում են Սփյուռքում ու ազդեցություն չունեն Հայաստանի ներքին կյանքի վրա։ Բայց նրանց ևս համարում եմ կայացած քաղաքական կառույցներ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան