Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի

46
Այսօր, 16:49
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի

Վրաստանի՝ կապող օղակի դերը նսեմացնելու փորձը Բրյուսելի բյուրոկրատիային բնորոշ մանրախնդիր վրեժխնդրության հերթական դրսևորումն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ նման քայլեր ձեռնարկելով՝ Եվրոմիությունն իրականում վնասում է ոչ թե Վրաստանին, այլ հենց իրեն։

«Մենք առանցքային դեր ենք խաղում Միջին միջանցքում թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ցամաքային և ծովային փոխադրումների դյուրացման տեսանկյունից։ Վրաստանը Եվրոմիության և դրա անդամ պետությունների համար անբաժանելի օղակ է»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը։

Շալվա Պապուաշվիլին նշել է, որ գոյություն ունի Վրաստանին և վրաց ժողովրդին քաղաքական, տնտեսական ու սոցիալական վնաս հասցնելու կոնկրետ ծրագիր։

«Մենք տեսնում ենք, որ այս բոլոր ոլորտներում Եվրոմիությունն ու նրա դեսպանատունը անմիջականորեն մասնակցում են Վրաստանին վնասելուն ուղղված այդ ծրագրի իրականացմանը»,- հավելել է նա։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ նախաձեռնությամբ տեղի կունենա «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով բարձր մակարդակի հանդիպում։ Վրացական կողմը հրավիրվել է միջոցառմանը՝ համեմատաբար ցածր մակարդակի ներկայացուցչությամբ։