Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով»․ Շահեն Հարությունյան

83
Այսօր, 00:18
«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով»․ Շահեն Հարությունյան

«Շանթ» կուսակցության առաջնորդ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, ֆեյսբուքյան իր էջում գրել. «Այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ՀԱՊԿ-ի անգործության և պայմանագրային պարտավորությունների չկատարման, հայտարարեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը «սառեցնելու» մասին, մենք պնդել ենք, որ ՀԱՊԿ-ի իրավապայմանագրային համակարգում նման՝ «սառեցման» կարգավիճակ գոյություն չունի։
Սա մի իրավիճակ է, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դեմարշը միտումնավոր ներկայացվում է որպես իրավական գործողություն։ Մինչդեռ իրավական առումով Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով անդամակցությունից բխող իրավունքներն ու պարտավորությունները։ Արդյունքում հայ հանրությանը ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանն արդեն համարժեք պատասխան է տվել կազմակերպության անընդունելի վարքագծին, մինչդեռ իրականում որևէ իրավական փոփոխություն տեղի չի ունեցել։
Այս իրավիճակն առավել հարմար է հենց ՀԱՊԿ անդամ երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ Հայաստանը, չմասնակցելով կազմակերպության նիստերին, շարունակում է մնալ դրա անդամ, չի օգտագործում անդամակցությունից բխող հնարավորությունները և փաստացի չի ներկայացնում իր պահանջներն ու դիրքորոշումը կառույցի ներսում։
Իշխանությունները շարունակաբար փորձում են հանրությանը համոզել, թե «սառեցումը» իրավական քայլ է։ Սակայն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նույնպես հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, քանի դեռ դուրս չի եկել դրանից։ Նրա պարզաբանմամբ՝ անդամակցությունը պահպանելու պայմաններում ՀԱՊԿ-ի՝ կոնսենսուսով ընդունվող որոշումները պետք է հաշվի առնեն նաև Երևանի դիրքորոշումը։
Ուստի մի՛ մոլորեցրեք հայ ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով։ Հստակ եղեք ձեր դիրքորոշման մեջ։
Կա երեք ճանապարհ․ կամ դուրս եկեք այդ կառույցից՝ հստակ ներկայացնելով նման որոշման իրավական և քաղաքական հիմնավորումները, կամ մասնակցեք նիստերին և պաշտպանեք Հայաստանի շահերը՝ պահանջելով ՀԱՊԿ-ից կատարել ստանձնած պարտավորությունները, կամ էլ դադարեք հանրությանը համոզել, թե իբր իրավական ու քաղաքական գործուն քայլեր եք ձեռնարկում»։