Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի»․ Սուրեն Սուրենյանց

83
Այսօր, 21:06
«Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի»․ Սուրեն Սուրենյանց

.Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաշինյանի բազմաշերտ փակուղին
Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մեծացել է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Ավելին, նա հույս ունի ընդդիմությանը ներկայացնել այնպիսի առաջարկ, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։
Սակայն այս լավատեսությունը քաղաքական լուրջ հիմքեր չունի:
Նախ՝ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ բավահայտելով «աննախադեպ ինքնիշխանության» մասին սեփական քարոզչական թեզի սնանկությունը:
Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է գլխիվայր շրջել պատճառահետևանքային կապը։ Ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է Սահմանադրության փոփոխությունը դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Արամ Վարդևանյանն ընդամենը բարձրաձայնել է սկզբունքային հարց՝ ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ չի դնի։
Այս հարցի համոզիչ պատասխանը Փաշինյանը չունի և չի կարող ունենալ։
Ադրբեջանի վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նրա ռազմավարական նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է:
Բաքվում, ըստ էության, սպասում են կոնկրետ ռեգիոնալ սցենարի՝ Հայաստանից առավելագույնը պոկելու համար:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում կարող է էապես փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Նման սցենարի պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձի օգտվել աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ընդհուպ մինչև Սյունիքի անեքսիա իրականացնելու փորձով:
Սա հնարավոր ռիսկի գնահատական է, որն անտեսելը խելամիտ չէ:
Երրորդ՝ Փաշինյանի հաշվարկը, թե կարող է համոզել խորհրդարանական ընդդիմությանը, գործնականում զուրկ է քաղաքական հիմքից։
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության գաղափարը։
Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով։
Փաշինյանն անտեսում է երկու էական հանգամանք։
Նախ՝ նա այսօր այլևս չունի այն հանրային վստահությունն ու մոբիլիզացիոն ռեսուրսը, որն ուներ 2018 թվականին։
Երկրորդ՝ դժվար է պատկերացնել հասարակական լայն համախմբում մի օրակարգի շուրջ, որը, որքան էլ փաթեթավորվի խաղաղության խոստումներով, անմիջականորեն կապված է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ։
Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման նախաձեռնությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։
Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ, ըստ էության, լավ լուծում չունի: Անգամ՝ արտահերթ ընտրությունների պարագայում, որտեղ Փաշինյանը կարող հայտնվել ցայտնոտում հայտնված շախմատիստի կարգավիճակում: