Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

«Եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու»․ Թաթուլ Հակոբյան

96
Այսօր, 20:00
«Եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե իբր խաղաղության վերջնական հաստատման վերջին խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ հղումն է Անկախության Հռչակագրին:
Այսպիսով, իբր Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ խաղաղություն լինի, բայց ընդդիմությունը թույլ չի տալիս, որ վերջապես Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը:
Եթե Հայաստանը Ադրբեջանի պահանջով փոխի Սահմանադրությունը, ապա Բաքուն նոր նախապայման է առաջ քաշելու:
Ինչքան շատ զիջումների գնա Հայաստանը, այնքան անվերջ են լինելու նախապայմանները:
Այս վիճակը Ադրբեջանի համար շահեկան է, քանի որ կարողանում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, զիջումներ կորզել և ամենակարևորը՝ փակ պահել Թուրքիա-Հայաստան սահմանը:
Ադրբեջանը չի ուզում վերջնական խաղաղություն, և մեղքը բարդում է Հայաստանի ու ռևանշիստական ուժերի վրա: Այս խայծը, ցավոք, կուլ են տալիս մեր իշխանությունները:
Այն պահին, երբ Բաքվի համար շահեկան կլինի վերջնական խաղաղությունը, ապա պատմական կամ իրավական որևէ թուղթ խոչընդոտ չի լինելու:
Խորհրդարանում վերջին ձեռնամարտից հետո իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը Հայաստանի պետականության դեմ քայլերի և Ռուսաստանի օրակարգը առաջ տանելու մեջ:
Ընդհանրապես, վերջին շրջանում մոդայիկ է ապագաղութացման և Ռուսաստանից ազատվելու թեման:
Հայաստանը, անշուշտ, մեծ կախվածություն է ունեցել և ունի Ռուսաստանից, և սա բաց գաղտնիք է:
Այսօր, սակայն, Հայաստանը ամենից շատ կախված է Ադրբեջանից:
Այն փաստը, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Մայր օրենք է փորձ արվում փոխել, ամեն ինչի մասին է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան