«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
104
Երեկ, 23:54
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այնուամենայնիվ, և՛ Փաշինյանը, և՛ նրա համախոհները մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում։ Եկեք մեկընդմիշտ հստակեցնենք այս հարցը․ Հայաստանի իշխանություններն արհամարհում են սեփական ժողովրդին և ամբողջ ժողովրդին համարում մտավոր սահմանափակ ամբոխ։ Հակառակ դեպքում պարզապես անհնար է բացատրել այն պրիմիտիվ անհեթեթությունը, որը, որպես քաղաքական դիրքորոշում հնչեցնում են իշխանամերձ խոսնակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Խորհեք թեկուզ մի քանի իշխանական քարոզչական արտահայտությունների շուրջ, օրինակ... «Առաջին անգամ մետրոպոլիան մեզ ոչ թե ինտեգրում է, այլ փորձում է դուրս թողնել»։ Կամ՝ «Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, բայց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է նախապայման»։ Եվ, իհարկե, այս գլուխգործոցը․ «Մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչ մեր անկախության և ինքնիշխանության բարձրացումն է»։ Այսպիսով՝ Ի՞նչ եք, գրողը տանի, խոսում այն «մետրոպոլիայի» մասին, որը մեզ «չի փորձում ինտեգրել»։ Ի՞նչ է նշանակում՝ բացասական իմաստով ինտեգրում։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք ձեզ պատառոտում՝ փորձելով մնալ հենց այդ «մետրոպոլիայի» տնտեսական միության կազմում, եթե դա այդքան «վատ» է։ Այսինքն, ձեր իսկ խոսքերով՝ մետրոպոլիան (տվյալ դեպքում՝ ռուսները) փորձում է ազատվել Հայաստանից, իսկ դուք բողոքո՞ւմ եք։ Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում։ Կամ, պարզվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ադրբեջանցիների նախապայմանը պահանջ չէ, այլ ընդամենը նախապայման, որը պահանջ չի համարվում։ Հասկացա՞ք, թե ինչ էին ուզում ասել այս ամենով։ Ես էլ չհասկացա։ Բայց կա ևս մեկ գլուխգործոց․ պարզվում է՝ Հայաստանին տնտեսական փլուզման հեռանկարը, գազի գների բարձրացումը, հայկական տնտեսության փաստացի ոչնչացումը մեր «անկախության և ինքնիշխանության գինն» են։ Այսինքն՝ Փաշինյանն ու նրա խոսափողները փորձում են մեզ համոզել, որ տնտեսության անկումը և բնակչության սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումը Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդող գործոններ են։ Այլ կերպ ասած՝ որքան վատ է տնտեսության, քաղաքացիների (օրինակ՝ թոշակառուների) վիճակը, այնքան ավելի ուժե՞ղ է Հայաստանի անկախությունը։ Այսինքն՝ այն փաստը, որ Հայաստանի տարածքները գտնվում են Փաշինյանի իշխանությունների ադրբեջանցի «եղբայրների» օկուպացիայի տակ, նույն այդ իշխանությունները ինքնիշխանության ոտնահարում չեն համարում, իսկ ԵԱՏՄ կազմում գտնվելը, պարզվում է, ինքնիշխանության ոտնահարո՞ւմ է։ Բա որ տենց է, հենց հիմա դուրս եկեք ԵԱՏՄ ից, «զադերժկան» ինչումն է։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչպիսի ապուշություն են դուրս տալիս։ Կրկնում եմ ևս մեկ անգամ․ եթե Հայաստանին ԵԱՏՄ-ում այդքան վատ է, և դա ոտնահարում է մեր ինքնիշխանությունը, ապա ինչո՞ւ եք պատառոտվում՝ փորձելով թույլ չտալ, որ Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ժողովուրդ ջան, հիմա ընտրությունը մերն է․ կա՛մ համաձայնել այս իշխանության տարածած նարատիվներին և կամովին ընդունել, որ նրանք իրավացի են՝ մեզ կատարյալ ապուշի տեղ դնելով, կա՛մ, այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց»։