Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան

51
Այսօր, 02:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական ժամացույց
Ուշադրություն դարձրեք՝ մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ մի նոր դեմք կգա, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի ապոկալիպտիկ տնտեսությունը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։
Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծամասամբ պայմանավորում զանգվածային ապատիան, որը կա մեր հասարակության մեջ. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ կլինի՝ կպայքարենք» մտածողությունը, դա հաստատ չի բերի արդյունքի։
Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ձեռնտու միջավայրն է իշխանության համար. Ամեն անգամ երբ կգա կոնկրետ դրվագի պահը՝ կասի սա չանենք կլինի պատերազմ ու իր բազմաթիվ լծակներով հաջողելու է։
Բայց պետք է հասկանալ. Ինչո՞ւ ենք մենք «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում և ամենակարևորը՝ ինչպես դուրս գալ։ Իմ կարծիքով խնդիրը նոր կոնսոլիդացնող- աշխատանքային ձևաչափերի անհրաժեշտության մեջ է։ Ոչինչ չի խանգարում որ նման նոր աշխատանքային ձևաչափ ստեղծվի, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։
Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը. Մենք սպասում ենք, թե երբ կլինի ինչ-որ վատ բանը։ Բայց լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպես անել, որ դա չլինի, ինչ անել, ինչպիսի այլ լուծումներ կան, և այլն։
Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին դուրս գրել։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերել որպես բարդ իրողություն։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։ Չխաբենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի հասարակությունն ենք»։