Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան

63
Այսօր, 11:12
«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կարդացի, որ Բաքվի նախաձեռնող խումբը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես գալ «Վերադարձի իրավունքը և ապագաղութացումը․ հետաձգված պատմական արդարության վերականգնումը» թեմայով առաջարկով: Այսիքն ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը՝ կոնկրոտ մատնանշելով, թե դրանք ինչ պահմաններով են լինելու:
Ըստ էության՝ սա պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական ադրբեջանական հայտարարություն, այլ որպես քաղաքական օրակարգի հետևողական ձևավորման փորձ։
Այստեղ խնդիրը «վերադարձի իրավունքը» ձևակերպման մեջ է։ Եթե հարցին նայեք ավելի լայն բացավածքով, ապա այստեղ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան ներկայացվում է որպես իրավական ու պատմական իրավունք, այս կերպ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական պահանջը տեղափոխել միջազգային իրավաքաղաքական դաշտ։ Իսկ «ապագաղութացում» և «պատմական արդարության վերականգնում» ձևակերպումները այդ պահանջին տալիս են ավելի լայն միջազգային փաթեթավորում։
Այսինքն՝ Բաքուն այսօր պարզապես չի խոսում անցյալի մասին, այլ փորձում է ձևակերպել ապագայի իր պահանջների բառապաշարը։
Փաստացի Ադրբեջանը շարունակում է իր անուղղակի պատերազմը՝ պատմական, մշակութային, տեղեկատվական ու քաղաքական հարթություններում, իսկ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը շարունակում է հանրությանը մատուցել «տևական խաղաղության» իր պատկերացումը։ Ավելին՝ Փաշինյանի քաղաքական տրամաբանության մեջ նույնիսկ հակադարձելը հաճախ ներկայացվում է որպես «կոնֆլիկտային տրամաբանություն»։ Նա հենց այդ հիմնավորմամբ է խոսում Հայաստանի Անկախության հռչակագրի մասին՝ պնդելով, որ Հայաստանը չի կարող շարունակել հակամարտության տրամաբանությամբ։
Իրականում դրա հետևանքը բավական պարզ է․ Ադրբեջանը շարունակում է խոսել, պահանջել, վերաշարադրել պատմությունը և իր թեզերը հասցնել միջազգային հարթակներ, մինչդեռ հայկական կողմը հաճախ սեփական հակադարձումն անգամ դիտարկում է որպես խաղաղությանը սպառնացող քայլ։
Ասվածի ցցուն օրինակը Գանձասարի վերջին դեպքը էր, երբ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ Գանձասարը ներկայացրեց որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն և հայկական ձեռագրերի վերաբերյալ առաջ քաշեց վիճահարույց պատմական պնդումներ։ Մինչ այս պահը Հայաստանի կողմից քաղաքական մակարդակում կոշտ ու համարժեք հակադարձում չհնչեց՝ փոխարեն կրկին շեշտադրվեց խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, ինչ որ անհոդաբաշխ բարբաջանքների տեսքով:
Փոխարենը՝ որոշ անահատներ պնդում են, որ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանությանը «ոչ մի սպառնալիք» չի տեսնում։
Ստացվում է մի իրավիճակ, որտեղ Բաքուն հետևողականորեն առաջ է մղում իր օրակարգը, իսկ Երևանը՝ սեփական ինքնախաբկանքը ներկայացնում է որպես «խաղաղության քաղաքականություն»։
Բանն այն է, որ խաղաղությունը չի նշանակում լռել հակառակորդի ձևակերպած պահանջների առաջ։ Ասեմ ավելին, չարձագանքելը չի վերացնում օրակարգը․ պարզապես թողնում է այն առանց հայկական հակադարձման։
Ուստի գլխավոր հարցը մնում է հետևյալը. եթե Ադրբեջանը շարունակում է իր պայքարը կոնկրետ տիրույթներում, իսկ Հայաստանը այդ ամենին պատասխանում է միայն «խաղաղության» մասին խոսելով, ապա իրականում ի՞նչն է դադարել՝ պատերազմը, թե՞ պարզապես փոխվել է դրա ձևը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան