Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան

57
Այսօր, 17:24
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լռությունը չի վերացնում պատասխանատվությունը։
Երեկ սեպտեմբերի 27-ն էր, 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը։ Հազարավոր զոհերի հիշատակ, չսպիացող վերքեր, կորսված տներ ու ճակատագրեր, պետության ապագան փոխած աղետ։ Երեկ Հայաստանի բարձրագույն իշխանությունից անհրաժեշտ էր հստակ խոսք՝ զոհերի արժևորման, ընտանիքների հանդեպ պետական պարտքի և պատերազմի քաղաքական պատասխանատվության մասին։ Սակայն սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ վարչապետի և նախագահի պաշտոնական կայքերում տարելիցին նվիրված առանձին ուղերձ հրապարակված չէ։
Նույն օրը Ալիևը Բաքվի «Հաղթանակի զբոսայգում» պետական մակարդակով հարգանքի տուրք էր մատուցում ադրբեջանական զոհերի հիշատակին, իսկ Էրդողանը հայտարարում էր, թե «Ղարաբաղն ադրբեջանական հող է և այդպիսին կմնա հավերժ»։ Այսպիսով՝ Բաքուն և Անկարան հիշատակի օրը ծառայեցնում էին նաև պատերազմի արդյունքի քաղաքական ամրագրմանը։
Այս հակադրությունն ունի ծանր քաղաքական իմաստ։ Երբ մյուս կողմը պետական ամբողջ հեղինակությամբ ձևավորում է պատերազմի մասին իր պատմությունը, հայկական բարձրագույն իշխանության հստակ խոսքի բացակայությունը մեր հասարակությանը թողնում է իր ցավի և անպատասխան հարցերի հետ միայնակ։
Սա պատմական հիշողությունը պետական օրակարգից նպատակադրված հեռացնելու քաղաքական վարքագծի դրսևորում է։
Սակայն լռությամբ անցյալը փակել չի ստացվում։ Այն խորացնում է հասարակության ներսում արդեն գոյություն ունեցող խզումն ու բևեռացումը։ Զոհվածի ընտանիքը սպասում է, որ պետությունը ճանաչի իր կորստի համազգային նշանակությունը։ Քաղաքացին սպասում է ճշմարտության և հաշվետվության։
Զոհված զինվորի արժանապատվությունը չի կարող կախված լինել գործող իշխանության քաղաքական հարմարությունից։ Նրա անձնազոհությունը չի վերացնում ղեկավարության պատասխանատվությունը, իսկ ղեկավարության ձախողումը չի արժեզրկում նրա անձնազոհությունը։
Այս պարզ սահմանազատումը պետք է հնչեր հենց պետական բարձրագույն մակարդակից։ Այն կարող էր միավորել հասարակությանը՝ առանց պարտությունը թաքցնելու, առանց զոհերին քաղաքականացնելու և առանց պատասխանատվության հարցը փակելու։
Խաղաղության քաղաքականությունն էլ չի ազատում պետությանը հիշելու պարտքից։ Սեփական զոհերին հարգելը, պատերազմի պատճառները քննելը և սխալների համար պատասխան պահանջելը լիովին համատեղելի են հարևանների հետ խաղաղություն կառուցելու հետ։ Ավելին՝ առանց այդ աշխատանքի հասարակությունը զրկվում է նոր աղետները կանխելու կարևորագույն հնարավորությունից։
Հայաստանին անհրաժեշտ է հիշողությունը պետական պատասխանատվության վերածող իշխանություն՝ զոհերի ընտանիքների կողքին կանգնելու, ճշմարտությունը հրապարակելու և նույն սխալները չկրկնելու հանձնառությամբ։
Պատմական հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։ Այն լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում։ Պարզապես այդ պատասխանատվությանը ավելացնում են նաև հասարակությունը սեփական ցավի մեջ մենակ թողնելու պատասխանատվությունը»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան