«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
57
Այսօր, 02:12
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «6 տարի առաջ այս օրը սկսված և 3 տարի առաջ այս օրերին իր վերջնական (հուսանք՝ վերջնական) հանգրվանին հասած ռազմաքաղաքական ձախողումների, պարտությունների, էթնիկ զտումների շղթան որևէ կերպ չի չեղարկում այն հանգամանքը, որ. Առնվազն վերջին 2500 տարին Արցախը եղել է բացառապես հայաբնակ։ Եղել է Արևելյան Հայաստանի եզակի երկրամասերից մեկը, որ 17-րդ դարում խուսափել է Շահ Աբբասի տեղահանությունից, ինչի շնորհիվ այն քիչ նահանգներից է, որտեղ հայկական ներկայության ընդհատում տեղի չի ունեցել։ Մինչև 19-րդ դարում Ռուսական կայսրության մաս դառնալը՝ հայկական միակ երկրամասն էր, որ պահպանել էր հայկական պետական կազմավորումներ։ Ռուսական կայսրության փլուզումից հետո 1 վայրկյան իսկ չի եղել նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետության կազմում։ Արդեն խորհրդայնացված Ադրբեջանի կազմում հայտնվել է բացառապես Ստալինի ղեկավարած Կավբյուրոյի որոշմամբ՝ որպես Հայաստանի նկատմամբ բանեցված պատժամիջոց՝ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբության համար։ Արցախի տարածքը, որ բռնակցվեց Ադրբեջանին և ավելի ուշ ձևավորված ինքնավար մարզը նույնական չեն։ Ինքնավար մարզի կարգավիճակ ստացավ Ադրբեջանին բռնակցված Արցախի տարածքի մի մասը միայն։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները մեծապես հենց այն տարածքներն էին, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո դուրս էին թողվել ինքնավարության սահմաններից։ Արցախը՝ համենայնդեպս ինքնավար մարզի հատվածը, մինչև 2023 թվականը երբեք չէր եղել նաև ժամանակակից Ադրբեջանի կազմում, որովհետև Խորհրդային Միությունից անկախացել էր ճիշտ նույն ընթացակարգով, որով և ինքը՝ Ադրբեջանը՝ դեռ մի բան էլ մի փոքր ավելի շուտ, ու իրավական առումով մի փոքր էլ ավելի գրագետ։ 2020-2023 թվականներին տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանք է։ Միջազգային հաշտարարներից յուրաքանչյուրն այդ հանգամանքի վրա աչք փակելու իր ուրույն առիթներն ու արդարացումներն ունի, բայց հանցագործությունը դրանով չի դադարում հանցագործություն լինել, և հարցը մի օր անպայման կրկին բացվելու է։ Պատերազմը, խաղաղությունը, ինքնորոշումը, միացումը, կապիտուլյացիան և այլն․․․ ոչ այդքան պայմանագրերի ու հայտարարությունների մասին են, որքան ռազմական պոտենցիալների հարաբերակցության։ Ինձ մեկ է, թե ինչ եղանակով է գործող ու, ինչ խոսք՝ 20-23 թվականների պատասխանատվությունը կրող իշխանությունը հաջորդ հարձակումը հետաձգելու համար իրեն «շլանգի» տեղ դնում։ Սակայն ինձ խիստ անհանգստացնում է այն, թե ինչպես է այն վատնում արդեն շահած և հուսանք՝ դեռ շահվելիք ժամանակը»։