«Չորրորդ ռաունդը պետք է սկսի Եկեղեցին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
56
Այսօր, 15:06
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երրորդ ռաունդը պետք է փակել։ Չորրորդը պետք է սկսի Եկեղեցին. Եկեղեցու շուրջ այս ամբողջ պատմության մեջ կա գրեթե ամեն ինչ՝ հավատացյալների զգացմունքների վիրավորում, հասարակության արժեքային բաժանման վտանգ, ազգային ինստիտուտի նկատմամբ քաղաքական ճնշում, արտաքին շահերի հնարավոր համընկնման վերաբերյալ լուրջ հարցադրումներ և, իմ գնահատմամբ, բավական հստակ հակազգային քաղաքական ձեռագիր։ Այստեղ այլևս չասված և չվերլուծված ոչինչ չկա և շատ է էմոցիան, և դրա համար կան հասկանալի պատճառներ։ Բայց հենց այդ պատճառով հիմա անհրաժեշտ է մի պահ դուրս գալ էմոցիայից և այս գործընթացին նայել ամենասառը քաղաքական հայացքով՝ ոչ թե հերթական անգամ արձագանքելու, այլ հասկանալու համար, թե որտեղ է իշխանության խոցելիությունը, ինչպես նրանից վերցնել նախաձեռնությունը և ինչպես պաշտպանությունը վերածել հակագրոհի։ Հակաեկեղեցական արշավի երրորդ ռաունդում Փաշինյանն արել է մի բան, որը միաժամանակ և՛ ուժեղացրել, և՛ խոցելի է դարձրել իր դիրքը․ իր քաղաքական ցանկությունը վերածել է պետականորեն փաստաթղթավորված նպատակի։ Եվ սա հենց այն պահն է, երբ Եկեղեցին պետք է դադարի միայն պաշտպանվել։ Մինչև հիմա Փաշինյանը կարող էր գրառում անել, մեղադրանք հնչեցնել, քաղաքական պահանջ ձևակերպել, ապա փոխել թեման, բառապաշարը կամ հարձակման ուղղությունը։ Հիմա իրավիճակն ուրիշ է։ Երբ Կաթողիկոսի հեռացումն արդեն հայտնվում է կառավարության պաշտոնական ծրագրում, իսկ վարչապետի հանձնարարությամբ պետական կառույցը դրա շուրջ կազմում է 74 էջանոց զեկույց և ճանապարհային քարտեզ, իշխանությունն ինքն է իր քաղաքական նպատակը տեղափոխում մի տարածք, որտեղ իրենից արդեն կարելի է պահանջել ոչ թե հերթական քաղաքական բացատրությունը, այլ իրավական հիմքը։ Սա է երրորդ ռաունդի գլխավոր քաղաքական արդյունքը։ Իշխանությունը փորձել է պետականացնել ճնշումը, բայց դրանով պետականացրել է նաև իր պատասխանատվությունը։ Փորձել է քաղաքական պահանջին տալ պետական փաստաթղթի ծանրություն, բայց դրանով ստեղծել է այդ պահանջի իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն։ Փորձել է Եկեղեցուն ստիպել պատասխանել 74 էջի, բայց ինքն է հասել այն կետին, որտեղ իրեն կարելի է ստիպել պատասխանել մեկ հարցի՝ ո՞ր օրենքով։ Հետևաբար 74 էջը ոչինչ չի փոխելու, եթե հիմա փոխվի ամենակարևորը՝ Եկեղեցու դիրքը։ 740 էջն էլ չի փոխի, որովհետև իրավասությունը էջերով չի ստեղծվում։ Այս ամբողջ հակաեկեղեցական արշավի ընթացքում Փաշինյանի իրական առավելությունը երբեք նրա փաստարկների քանակը կամ ուժը չի եղել։ Նրա առավելությունը եղել է նախաձեռնությունը։ Ինքն է որոշել՝ երբ հարձակվել, ում թիրախավորել, ինչ մեղադրանք առաջադրել, ինչ բառապաշարով խոսել և որն է լինելու հաջորդ քայլը։ Եկեղեցին հիմնականում հայտնվել է պատասխանողի դիրքում։ Իսկ քաղաքական պայքարում մշտապես պատասխանողը, նույնիսկ երբ իրավացի է, հակառակորդին թողնում է ամենաթանկ ռեսուրսը՝ օրակարգը տնօրինելու հնարավորությունը։ Հենց սա պետք է ավարտվի։ Երրորդ ռաունդը պետք է փակել ոչ թե ավելի երկար պատասխանով, այլ դիրքային շրջադարձով՝ պաշտպանությունից հակագրոհ, արձագանքողից նախաձեռնող, մեղադրանքներին պատասխանողից՝ պետական իշխանությունից իրավական հիմք պահանջող։ Ես դեռ հակաեկեղեցական արշավի առաջին փուլում գրել էի, որ Փաշինյանի «լուծման ենթակա խնդիրը դեմ է առել պատին», հետո արձանագրել եմ, որ արշավը «շնչահեղձ է լինում»։ Երբ գործընթացը փորձ արվեց տեղափոխել Եկեղեցու ներս և քաղաքական միջամտությունը ներկայացնել որպես ներեկեղեցական «բարենորոգում», իմ գնահատականը նույնպես չփոխվեց․ խնդիրը Եկեղեցու բարեփոխումը չէր, այլ ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատումը։ Իսկ երբ այդ օրակարգը տեղափոխվեց ՔՊ-ի ծրագրային դաշտ, արդեն ակնհայտ էր՝ այն, ինչ չէր ստացվել հանրային ճնշմամբ և ներքին վերադասավորմամբ, փորձելու էին պետականացնել։ Այս իմաստով առաջին ռաունդը հանրային գրոհն էր, որը չստեղծեց անհրաժեշտ հասարակական պահանջը, երկրորդը՝ Եկեղեցու ներսում անհրաժեշտ վերադասավորում ձևավորելու փորձը, որը չստացավ անհրաժեշտ ներեկեղեցական լեգիտիմություն, իսկ երրորդը արդեն քաղաքական նպատակի պետականացումն է։ Կառավարության 2026–2031 թթ. պաշտոնական ծրագրում ամրագրված է, որ «ապահովվելու է» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը, որից հետո նախատեսվում են կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնադրության ընդունման գործընթաց և նոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։ Դրան հաջորդել է վարչապետի հանձնարարությամբ պատրաստված 74 էջանոց զեկույցը՝ իր «արձանագրումներով» և ճանապարհային քարտեզով։ Այսինքն՝ քաղաքական ցանկությունն արդեն պետականացվել է։ Բայց հենց այստեղ է առաջանում իշխանության ամենալուրջ իրավաքաղաքական խոցելիությունը։ Քանի դեռ Փաշինյանը քաղաքական գնահատական էր հնչեցնում, կարելի էր հակադրել քաղաքական գնահատական։ Երբ գործադիր իշխանությունն իր պաշտոնական ծրագրում ստանձնում է ինքնակառավարվող Եկեղեցու փաստացի պետի հեռացումն «ապահովելու» գործառույթ, հարցն այլևս միայն Կաթողիկոսի մասին չէ։ Հարցը պետական իշխանության իրավասության սահմանի մասին է։ Հայաստանի Հանրապետությունն օրենքով ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Հետևաբար ժամանակն է ամբողջությամբ շրջել հարցադրումը։ Այլևս Եկեղեցին չպետք է անվերջ բացատրի, թե ինչու Կաթողիկոսը չի հեռանում, իսկ կառավարությունը պետք է բացատրի՝ ո՞ր օրենքով է պատրաստվում ապահովել նրա հեռացումը։ Եկեղեցին չպետք է 74 էջանոց զեկույցին պատասխանի 174 էջանոց հակազեկույցով․ կառավարությունը պետք է իր 74 էջից ցույց տա այն մեկը, որտեղ գրված է այդ իրավասությունը։ Այլևս Եկեղեցին չպետք է մշտապես ապացուցի, որ միջամտությունը քաղաքական է․ իշխանությունը պետք է ապացուցի, որ իր միջամտությունն իրավաչափ է։ Սա արդեն պաշտպանություն չէ։ Սա հակագրոհ է։ Եվ հենց այստեղից պետք է սկսվի չորրորդ ռաունդը՝ առաջանցիկ դիրքից։ Ժամանակի գործոնը վճռական է, որովհետև եթե իշխանությունը պատրաստվում է նաև օրենսդրական փոփոխությունների, սպասել, մինչև այն իր քաղաքական նպատակի համար նախ ստեղծի անհրաժեշտ իրավական կառուցակարգերը, անցկացնի դրանք խորհրդարանով և միայն հետո սկսել հակազդել, նշանակում է կրկին ընդունել Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու ժամանակացույցը։ Առաջանցիկ դիրքը նշանակում է գործել հակառակորդի հաջորդ քայլից առաջ, ոչ թե դրանից հետո։ Հետևաբար ես Մայր Աթոռի տեղում հիմա՝ առանց ժամանակ կորցնելու, կձևավորեի սահմանադրագետներից, վարչական իրավունքի մասնագետներից, փաստաբաններից և եկեղեցական կանոնագետներից կազմված բարձրակարգ աշխատանքային խումբ՝ ոչ հերթական հայտարարության, այլ հակագրոհի իրավաքաղաքական ճանապարհային քարտեզի համար։ Պետք է արագ իրավական աուդիտի ենթարկել ամբողջ գործընթացը՝ կառավարության ծրագրի համապատասխան դրույթները, վարչապետի հանձնարարության իրավական բնույթը, ՊՈԱԿ-ի իրավասությունը, 74 էջանոց զեկույցը, արդեն կատարված պետական գործողությունները և նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունները։ Յուրաքանչյուր քայլի դիմաց պետք է դրվի չորս հարց՝ 1. ո՞վ է որոշել, 2. ո՞ր իրավական հիմքով, 3. արդյո՞ք իր լիազորությունների սահմաններում է գործել 4. ինչպե՞ս է այդ գործողությունը ենթակա վիճարկման։ Իսկ այնտեղ, որտեղ առկա է պատշաճ դատավարական հիմք, պետք է դիտարկել նաև շատ կոնկրետ քայլ՝ դատի տալ՝ պատասխան պահանջելով։ Ես գիտեմ հակափաստարկը և այն շրջանցելու կարիք չկա։ Հայաստանում կա լուրջ հանրային մտահոգություն դատական իշխանության անկախության, քաղաքականապես զգայուն գործերում գործադիր իշխանության հնարավոր ազդեցության և դատական գործընթացները ձգձգելու վտանգի վերաբերյալ։ Հետևաբար հարցը բնական է՝ եթե իշխանությունը կարողանա նաև դատական գործընթացը ձգել կամ օգտագործել իր շահերից ելնելով, ի՞նչ է տալու դատարանը։ Իմ պատասխանը պարզ է՝ այդ ռիսկը պետք է հաշվարկել, ոչ թե դրա պատճառով կամավոր հանձնել իրավական դաշտը։ Քաղաքականության մեջ հակառակորդի հնարավոր ազդեցության տակ գտնվող դաշտը միշտ չէ, որ պետք է թողնել հակառակորդին։ Երբեմն ճիշտ մանևրը հենց այդ դաշտ մտնելն է՝ այն դարձնելով հնարավորինս սեփական օրակարգի հրապարակային, փաստաթղթավորված և հանրային վերահսկողության ենթակա։ Ուստի դատական գործընթացը չպետք է դիտարկել միայն «կհաղթե՞նք, թե՞ կպարտվենք» պարզունակ երկընտրանքով։ Դատարանում պետք է պատասխան պահանջել։ Թող կառավարությունը պաշտոնական վարույթում ներկայացնի՝ Սահմանադրության կամ ո՞ր օրենքի ո՞ր նորմով է իրեն վերապահված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումն ապահովելու» իրավասությունը։ Թող այդ պատասխանը դառնա դատական փաստաթուղթ, պետական մարմնի դիրքորոշումը՝ արձանագրված, իսկ յուրաքանչյուր առարկություն, միջնորդություն, հետաձգում և որոշում՝ հանրությանը հասանելի քաղաքական փաստ։ Այդ պահից դատական գործը դադարում է միայն իրավաբանների գործ լինելուց և դառնում է նաև հանրային հաշվետվողականության հարթակ։ Եթե կառավարությունն ունի իրավական հիմք՝ թող ներկայացնի։ Եթե չունի՝ դա նույնպես պետք է տեսանելի դառնա։ Եթե գործընթացն անհարկի ձգձգվում է՝ դրա ընթացքն ինքն է դառնում հանրային և մեդիա գնահատման առարկա։ Հնարավոր ռիսկը պետք չէ ժխտել․ այն պետք է ներառել ռազմավարության մեջ և դարձնել կառավարելի ի շահ քեզ: Սակայն դատական գործընթացը չպետք է վերածել ո՛չ քաղաքական շոուի, ո՛չ էլ դատարանի նկատմամբ ճնշման։ Սա չի նշանակում ապաքաղաքականացում՝ հակառակը գերքաղաքականացում է ենթադրում, բայց գրագետ: Այն պետք է ուղեկցվի սառն, ճշգրիտ և մասնագիտական հանրային հաղորդակցությամբ։ Յուրաքանչյուր կարևոր նիստից առաջ հասարակությունը պետք է հասկանա՝ ի՞նչ իրավական հարց է այսօր քննարկվում, իսկ նիստից հետո՝ ի՞նչ պատասխան տվեց կառավարությունը, ի՞նչ իրավական հիմք ներկայացրեց, ինչի՞ն չպատասխանեց և ի՞նչ որոշեց դատարանը։ Փաստաթուղթ, հարց, պատասխան, իրավական հետևություն։ Այսպիսով նույնիսկ երկարատև դատական գործընթացը կարելի է փորձել պահել հանրային ուշադրության և քաղաքական հաշվետվողականության դաշտում՝ չթողնելով, որ հիմնական հարցը կորչի ընթացակարգային աղմուկի մեջ։ Չորրորդ ռաունդն ունի նաև մեկ այլ պարտադիր պայման՝ քաղաքական լեզվի համախմբումը։ Ընդդիմադիր դաշտը կարող է տարբեր վերաբերմունք ունենալ Կաթողիկոսի, Եկեղեցու կառավարման, բարեփոխումների անհրաժեշտության կամ պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ։ Դա բնական է։ Մեկը կարող է խնդրին մոտենալ սահմանադրականության, մյուսը՝ ազգային ինստիտուտների պաշտպանության, երրորդը՝ կրոնական ազատությունների, չորրորդը՝ իշխանության սահմանափակման սկզբունքի ելակետից։ Բայց այդ տարբերությունները չպետք է քայքայեն գլխավոր հարցադրումը։ Չորրորդ ռաունդին պետք չէ քսան իրարամերժ քաղաքական լեզու։ Պետք է մեկ իրավաքաղաքական մեխ՝ ո՞ր օրենքով, ո՞ր լիազորությամբ, ո՞ր իրավական հիմքով։ Սա նշանակում է ոչ թե պաշտպանել անձին, այլ պաշտպանել ինստիտուցիոնալ սահմանը։ Ոչ թե հայտարարել, որ Եկեղեցում խնդիրներ չկան, այլ պնդել, որ դրանց գոյությունը կառավարությանը ինքնաբերաբար չի տալիս Եկեղեցու ղեկավարությունը տնօրինելու լիազորություն։ Ոչ թե Փաշինյանի հետ վիճել, թե ով է ավելի հավատացյալ, այլ պահանջել, որ գործադիր իշխանությունը ցույց տա իր գործողության իրավական հիմքը։ Հենց սա կարող է դառնալ տարբեր քաղաքական ու հանրային դերակատարների համար ընդհանուր հարցադրում՝ առանց նրանց գաղափարական տարբերությունները վերացնելու։ Ես դեռ նախորդ փուլերում գրել էի, որ հակաեկեղեցական այս արշավի տապալումը կարող է շատ ավելի մեծ նշանակություն ունենալ, քան միայն Եկեղեցու հարցը, և ձևակերպել էի՝ «այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար»։ Այսօր այդ միտքը պետք է հասցնել իր քաղաքական ավարտին։ Այս պայքարի իրական նշանակությունը միայն այն չէ, թե ով է մնալու Կաթողիկոս։ Հարցը շատ ավելի մեծ է՝ կա՞ Հայաստանում պետական իշխանության սահման, որը քաղաքական մեծամասնությունը չի կարող անցնել միայն այն պատճառով, որ ունի իշխանություն։ Հենց այստեղ հակագրոհը դադարում է միայն եկեղեցական լինելուց և դառնում պետականամետ։ Կառավարությանը իր իրավական սահմանների մեջ վերադարձնելը պետության դեմ պայքար չէ․ դա պետությունը քաղաքական իշխանության անսահմանափակման հավակնությունից պաշտպանելու քաղաքականություն է։ Ուստի չորրորդ ռաունդի տրամաբանությունը պետք է լինի պարզ և օպերատիվ՝ իրավական թիմ, ամբողջ գործընթացի արագ աուդիտ, վիճարկելի պետական ակտերի և գործողությունների առանձնացում, հնարավոր դատական գործընթացների նախապատրաստում՝ պատասխան պահանջելու տրամաբանությամբ, սպասվող օրենսդրական փոփոխությունների առաջանցիկ իրավական փորձաքննություն, դատական գործընթացների շուրջ մասնագիտական հանրային վերահսկողություն և քաղաքական ու հանրային դաշտում մեկ միասնական հարցադրում՝ ո՞ր օրենքով։ Դա պետք է հարցնել խորհրդարանում, հանրային քննարկումներում, յուրաքանչյուր նոր օրենսդրական նախաձեռնության ժամանակ և, եթե առկա է պատշաճ իրավական հիմք, նաև դատարանում։ Որովհետև քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ պետք է դադարել միայն պատասխանել և սկսել պատասխան պահանջել։ Առաջին երեք ռաունդների օրակարգը տնօրինել է Փաշինյանը։ Չորրորդինը չպետք է տնօրինի նա։ Այն պետք է սկսվի Եկեղեցու առաջանցիկ դիրքից, ամուր իրավական հիմքից և հնարավորինս լայն քաղաքական ու հանրային դաշտում նույն հիմնական հարցադրման պահպանմամբ։ Ոչ աղմուկով, ոչ հիստերիայով, ոչ էլ 740 էջանոց պատասխանով, այլ մեկ սառն, պետական և չափազանց կոնկրետ հարցով՝ «ՀՀ կառավարություն, ցույց տվեք այն օրենքը, որով ձեզ տրված է Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի պետի հեռացումն ապահովելու իրավասությունը»։ Հետո թող սեղանին դնեն իրենց 74 էջը։ Թող բերեն նաև 740-ը։ Մեզ դրանցից պետք է ընդամենը մեկը՝ այն էջը, որի վրա գրված է այդ իրավասությունը։ Եթե այդ էջը չկա, 74 էջը ոչինչ չի փոխելու։ Իսկ չորրորդ ռաունդը պետք է սկսվի ոչ թե պատասխանողի, այլ պատասխան պահանջողի դիրքից։ P.S. Ժամանակը սուղ է»։