«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
53
Այսօր, 16:42
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի Եկեղեցուն վերաբերվող հայտնի զեկույցը: Ասել, թե դա խայտառակ մի բան է, հավասար է ոչինչ չասելուն: Այս փաստաթուղթը սովորական հրապարակախոսական նյութ չէ։ Այն պատրաստվել է պետական մարմնի կողմից՝ վարչապետի հանձնարարությամբ և, ինչպես հենց զեկույցում է նշված, բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։ Հետևաբար դրա նկատմամբ կիրառելի չափանիշը չի կարող նույնը լինել, ինչ լրագրողական հոդվածի, քաղաքական գործչի գրառման կամ մասնավոր անձի ուսումնասիրության նկատմամբ։ Պետությունը պարտավոր է տարբերակել փաստը պնդումից, ապացույցը՝ լուրից, իսկ իրավական կամ կանոնական հետևությունը՝ քաղաքական ցանկությունից։ Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զեկույցում այս սահմանները բազմաթիվ դեպքերում ընդհանրապես գոյություն չունեն։ Ավելին՝ փաստաթղթի հիմնական վտանգը նույնիսկ այն չէ, թե դրանում Գարեգին Բ-ի կամ առանձին հոգևորականների վերաբերյալ քանի պնդում է ճիշտ և քանիսը՝ սխալ։ Շատ ավելի լուրջ է այն նախադեպը, երբ գործադիր իշխանության համակարգում գործող կառույցը իրեն վերապահում է Եկեղեցու ներքին կանոնական հարցերի վերաբերյալ փաստերը հաստատելու, կանոնները մեկնաբանելու, գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը որոշելու և վերջապես Եկեղեցու իշխանության փոփոխության ճանապարհային քարտեզ առաջարկելու դեր։ Զեկույցի ամենակարևոր խնդիրը առանձին փաստական սխալները չեն։ Խնդիրը նրա ամբողջ կառուցվածքն է։ Պետական մարմինը փաստացի՝ 1. հավաքել է Եկեղեցու ղեկավարության դեմ մեղադրանքները, 2. ընտրել է դրանցից իրեն հարմարները և դրանք համարել արժանահավատ, 3. մեկնաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնները, 4. որոշել է, որ դրանք խախտվել են, 5. որոշել է, որ խախտումները անհամատեղելի են Կաթողիկոսի պաշտոնավարման հետ, 6. և վերջում մշակել է գործող Կաթողիկոսի հեռացման ու նոր Կաթողիկոսի ընտրության ճանապարհային քարտեզ։ Այս պահից այլևս դժվար է փաստաթուղթը բնութագրել որպես ընդամենը բաց աղբյուրների ուսումնասիրություն։ Այն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը։ Նույնիսկ եթե ընդունենք, որ կանոնական խախտման վերաբերյալ նյութերը բավարար են հարց բարձրացնելու համար, դրանից դեռ ինքնաբերաբար չի հետևում, որ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ը կարող է որոշել այդ խախտման հաստատված լինելը և դրանից բխեցնել գործող Կաթողիկոսի պաշտոնավարման անհամատեղելիությունը։ Պետք է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ ո՞ր եկեղեցական մարմինն է իրավասու հաստատելու խախտումը, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ ապացուցողական չափանիշով և ո՞ր մարմինն է իրավասու դրանից բխող կանոնական հետևանքը կիրառելու։ Զեկույցը փաստացի շրջանցում է այս ամբողջ շղթան։ Եվ սա այդ զեկույցի մասին ասելիքիս ընդամենը մի փոքր մասն է»: