«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
106
Այսօր, 02:06
Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեք հրատապ քայլ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար. Հայաստանին առաջիկա ամիսներին անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք կավելացնեն նրա անվտանգության գործընկերները, տարածաշրջանային դերակատարությունը և տնտեսական հնարավորությունները։ Առաջարկում եմ երեք ուղղություն։ 1. Գործակցությունը խորացնել Իսրայել–Կիպրոս–Հունաստան ձևաչափի հետ։ Հայաստանը պետք է նախաձեռնի չորս երկրների խորհրդակցություններ՝ պաշտպանական տեխնոլոգիաների, հակաօդային պաշտպանության, անօդաչու համակարգերի, էներգետիկայի, գյուղատնտեսության և տնտեսական կապերի շուրջ։ Սկիզբն արդեն կա. 2026 թ. ապրիլին Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են եռակողմ պաշտպանական համագործակցության տարեկան ծրագիր։ Իսրայել–Հունաստան–Կիպրոս ձևաչափն էլ իր համատեղ հայտարարությամբ բաց է թողել համախոհ գործընկերների հետ համագործակցության հնարավորությունը։ Ուստի մոտակա ամիսների իրատեսական նպատակը այդ ձևաչափին միանալու առաջարկն ու համատեղ օրակարգի համաձայնեցումն է։ Այս քայլը նաև էապես կուժեղացնի Հայաստանի լոբբիստական հնարավորությունները ԱՄՆ-ում։ 2. Ստեղծել անկախ տարածաշրջանային իրավապաշտպան կենտրոն։ Այն կարող է փաստագրել և միջազգային հարթակներում ներկայացնել տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների և էթնոկրոնական խմբերի՝ քրդերի, ասորիների, ալեվիների, եզդիների, զազաների, թալիշների, թաթերի, լեզգիների և այլ համայնքների լեզվական, մշակութային ու քաղաքացիական իրավունքներին վերաբերող խնդիրները։ Հայաստանը դրա համար ունի զգալի մասնագիտական ներուժ և կուտակած փորձ։ Այդպիսի աշխատանքը կարող է Հայաստանին տալ աննախադեպ հնարավորություններ և ընձեռել անփոխարինելի առաքելություն՝ զուգորդված Հայաստանի Հանրապետության վարկի կտրուկ աճով։ 3. Առանձնակի հարաբերություններ զարգացնել Եթովպիայի հետ։ Եթովպիան կարող է դառնալ Հայաստանի տնտեսական հենակետը Աֆրիկայում՝ հայկական ապրանքների համար եթովպական շուկա մուտք գործելու և այնտեղից ավելի ազատ և աճող աֆրիկյան այլ շուկաներ դուրս գալու դարպաս։ Եթովպիան և Աֆրիկան Հայաստանի համար կարող են դառանալ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, ոսկերչական մետաղների աղբյուր։ Հայ և եթովպական քրիստոնեական ավանդույթների ընդհանրությունները, Եթովպիայի պատմության մեջ հայերի ներկայությունն ու ներդրումը, կարող են նպաստել փոխադարձ վստահությանը։ Եթովպիայում հայերի ունեցած բարի համբավը պետք է վերածել քաղաքական, ռազմական, կրթական, մշակութային և տնտեսական կապերի։ Հայաստանը պետք է Եթովպիայի հետ քննարկի նաև աշխատուժի կազմակերպված ներգրավումը։ Աշխատուժի ներգրավման ծրագրերում պակիստանյան ուղղության փոխարեն առաջնահերթությունը պետք է տալ եթովպական ուղղությանը»: