«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
70
Այսօր, 00:06
Այժմ չգործող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջօրյա խնամքի հաստատություններում (մանկատներ, տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություններ) հասարակական մշտադիտարկման նոր կարգն ուղղակի անիմաստ է դարձնում հանրային անկախ վերահսկողությունը։ Երեք տարի անց խումբը կարող է վերաբացվել։ Կարող է, բայց ոչ հաստատ, որովհետև նոր կարգավորումն ավելի շատ խմբի չգործելու մասին է։ Նոր կարգով դիտորդին արգելվում է լուսանկարել, տեսագրել կամ ձայնագրել, բացառությամբ երբ երևացող բոլոր մարդիկ համաձայն են։ Պատկերացրեք իրավիճակ։ Դիտորդություն իրականացնելիս հաստատության վերևի հարկի պատուհանից պատահաբար տեսնում եք սննդի ընդունման գործընթացը։ Առաքիչները բացում են դուռը, և միսը դրված է մեքենայի կեղտոտ հատակին։ Դուք չեք կարող այնպես նկարել, որ աշխատողները չերևան։ Եթե առանց համաձայնության նկարեք՝ «կարգ եք խախտում»։ Եթե չնկարեք ու զեկույցում գրեք, հաստատ կլսեք․ «Նման բան չի եղել, ապացույց չկա»։ Եվ սա այն դեպքում, երբ խոսքը պարզապես խախտումն արձանագրելու, այլ ոչ թե մարդկանց դեմքերը բաց հրապարակելու մասին է։ Հիշում եմ դեպք, երբ տնօրեններից մեկի հետ հերթական այցին հարցազրույց էի անում։ Որպեսզի ցույց տա իրենց «աշխատանքի բարձր որակը», հանեց հեռախոսը և մոտ 10 րոպե փնտրեց մի տեսանյութ, որն ուղարկել էր իրենից բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային։ Տեսանյութում տարեց մարդուն լողացնում էին։ Նկարահանել էին հաստատություն մտնելու պահին նրա անխնամ վիճակը և լոգանքից հետո։ Թրենդային Before & after (До и после) վիդեոների նման։ Հաջորդ նոր կարգավորմամբ՝ երեխայի հետ առանձնազրույց ունենալու համար անհրաժեշտ է հաստատության աշխատակցի գրավոր համաձայնությունը կամ նրա անմիջական ներկայությունը։ Վախի մթնոլորտում որևէ երեխա կհամարձակվի՞ ճշմարտությունն ասել իրեն վերահսկող աշխատակցի ներկայությամբ։ Հիշո՞ւմ եք դեպքը, երբ պնդում էինք, որ տեխնիկական անձնակազմից մեկը ծեծել էր երեխաներին։ Այս նոր կարգով դա բացահայտելն ու ապացուցելն ուղղակի անհնար կլիներ։ Մեկ այլ բան։ Պատկերացրեք՝ ահազանգ ենք ստացել, որ X հարկի սենյակում անձին կապել են մահճակալից։ Նոր կարգով՝ տարածքում շրջելու համար պարտադիր է հաստատության ներկայացուցչի ուղեկցությունը։ Մինչև «ուղեկցողը» մոտենում է, աշխատակիցները հանգիստ հասցնում են արձակել կապերը ու վերացնել խախտման բոլոր հետքերը։ Փաստաթղթերին ծանոթանալը թույլատրվում է միայն պատասխանատու աշխատակցի ներկայությամբ և օրվա կարգացուցակը չխախտելու պայմանով։ Արդյունքում՝ աշխատակիցը ցանկացած պահի կարող է մերժել փաստաթուղթ տալ, որովհետև «տվյալ պահին ճաշի կամ քնի ժամն է», և դա կխախտի կարգացուցակը։ Նոր հրամանով սահմանված է, որ պահեստ կամ խոհանոց մուտք գործելու համար դիտորդը պետք է ներկայացնի սանիտարական գրքույկ։ Ես կողմ եմ բոլոր տեսակի պրոֆիլակտիկ ստուգումներին, բայց իրականությունն այլ է։ Մինչև պահեստ կամ խոհանոց հասնելը ապրանքն անցնում է բազմաթիվ այլ՝ սանգրքույկ չունեցող մարդկանց ձեռքով։ Բացի այդ, պահեստները ոչ միշտ են սննդի համար նախատեսված։ Ստացվում է՝ սանգրքույկ չունենալու պատրվակով դու չես կարող մտնել պահեստ ու տեսնել՝ կանանց համար հիգիենիկ միջոցներ կա՞ն հաստատությունում, թե՞ չէ, շամպույնները ժամկետի մե՞ջ են։ Եթե դիտորդներն են ամենառիսկայինը, ապա այս կետը շատ չեմ պնդի։ Բայց այստեղ էլ հիշեցի տարեցների համար նախատեսված հաստատության խոհանոց սեղանի կենտրոնում անհոգ պտտվող միջատներին, որոնց ներկայությունը խոհարարին հավանաբար չէր էլ անհանգստացնում։ Հույս ունեմ՝ սանիտարական գրքույկ կպահանջեն նաև բոլոր մյուս այցելող պաշտոնյաներից, որոնք այդքան հաճախ լուսանկարվում են տարբեր հաստատությունների խոհանոցներում։ Արդար կանոն է, եթե բոլորի համար է։ Հույս ունեմ նաև, որ Կառավարությունն այս կանոնները նույնությամբ կտարածի համանման գործառույթ իրականացնող մյուս բոլոր կառույցների վրա։ Օրինակ՝ երբ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն իր հաջորդ այցն անի Հայաստան, առաջարկում եմ նրանց էլ թույլ չտալ պահեստ մտնել կամ առանձնազրույց ունենալ։ Չէ՞ որ դա է ենթադրում հաստատություններում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Ինչ խոսք, սա մարդու իրավունքների մշտադիտարկման շատ նոր փիլիսոփայություն է։ Դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում։ Դիտորդը կմտնի, ոչ մեկին չի անհանգստացնի, ոչինչ չի արձանագրի, ոչ մեկի հետ առանձին չի խոսի և դուրս կգա՝ ասելով այդ բաղձալի տեքստը, որ իր այցի ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել»։