«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
32
Այսօր, 00:42
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ․ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ներկայացրել է «Համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի մասին» զեկույցը, որը ջրաբանական շրջապտույտի և ջրաբանական ծայրահեղ երևույթների՝ 2025 թվականի և վերջին հինգ տարիների համապարփակ, գիտականորեն հիմնավորված գնահատումն է։ Զեկույցի համաձայն՝ գետային հոսքի տեսանկյունից 2025 թվականն աշխարհում եղել է վերջին ավելի քան երեք տասնամյակների ամենասակավաջուր տարիներից մեկը։ Սա վկայում է Երկրի քաղցրահամ ջրի պաշարների նվազման և սառցադաշտերի նահանջի երկարաժամկետ միտումների շարունակման մասին, որոնք ապագայում լուրջ հետևանքներ կունենան բնակչության և տնտեսության համար։ ՀՕԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ ջրի շրջապտույտը դարձել է ավելի անկայուն և անկանխատեսելի՝ դրսևորվելով գետային հոսքի խիստ պակասից մինչև չափազանց մեծ հոսք տատանումներով։ Վերջին յոթ տարիներին նորմայի սահմաններում հոսք ունեցող գետերի թիվը եղել է ամենացածրը՝ 1991 թվականից սկսվող ժամանակահատվածում։ Ըստ զեկույցի՝ վերջին հինգ տարիներին աշխարհում գրանցված ջրի հետ կապված ծայրահեղ երևույթների առնվազն կեսը և դրանց հետևանքով արձանագրված մահվան դեպքերի ավելի քան 80%-ը բաժին են ընկել Ասիային և Աֆրիկային։ 2025 թվականը գետային հոսքի տեսանկյունից եղել է վերջին 35 տարիների ամենասակավաջուր տարիներից մեկը։ Աշխարհի գետավազանների ընդհանուր տարածքի 36%-ում հոսքը նորմայից ցածր է եղել։ Յոթերորդ տարին անընդմեջ նորմայի սահմաններում ջրաբանական պայմաններ ունեցող գետավազանները կազմել են փոքրամասնություն՝ 34–38%՝ 1991–2020 թվականների միջին 46%-ի համեմատ։ Ցամաքի ջրային պաշարները՝ ստորերկրյա ջրերում, լճերում և գետերում, հողում, բուսականության մեջ, սառույցի և ձյան տեսքով կուտակված ջրի ընդհանուր քանակը, նվազում են 2010-ական թվականների կեսերից։ 2025 թվականը չորրորդ տարին անընդմեջ բնութագրվել է բոլոր տարածաշրջաններում սառցադաշտերի լայնածավալ հալքով՝ առաջացնելով ինչպես կարճաժամկետ վտանգներ, մասնավորապես՝ ջրհեղեղներ, այնպես էլ երկարաժամկետ ջրային սակավություն։ 2023–2025 թվականներին սառցադաշտերի զանգվածը նվազել է յուրաքանչյուր հաշվետու տարում, իսկ համաշխարհային մասշտաբով զանգվածի գումարային կորուստը կազմել է 1400 գիգատոննա ջուր։ Դա մոտավորապես համարժեք է օլիմպիական չափերի 560 միլիոն լողավազան լցնելու համար անհրաժեշտ ջրի ծավալին կամ աշխարհում քաղցրահամ ջրի տարեկան ջրառի շուրջ մեկ երրորդին։ Վերջին հինգ տարիների ընթացքում ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայություններն ամբողջ աշխարհում հաղորդել են աննախադեպ մասշտաբների ջրհեղեղների և երաշտների մասին։ Որոշ վայրերում մեկ տարերային աղետին հաջորդել է մյուսը՝ թույլ չտալով վերականգնվել նախորդի հետևանքներից։ Զեկույցի պատրաստմանը մասնակցել են ազգային օդերևութաբանական և ջրաբանական ծառայությունների, տվյալների մշակման կենտրոնների և գործընկեր կառույցների տասնյակ փորձագետներ ու հետազոտողներ՝ տրամադրելով տեղային դիտարկումների տվյալներ, մոդելավորման արդյունքներ և արբանյակային տվյալներ։ Առաջին՝ 2021 թվականի հրապարակումից ի վեր զեկույցում ներառված ջրաբանական բնութագրիչների թիվը երեքից հասել է տասնհինգի։ Զգալիորեն ընդլայնվել է նաև երկրների ընդգրկումը։ Այնուամենայնիվ, ջրաբանական դիտարկումների ներկայացվածության առումով Աֆրիկան և Ասիան շարունակում են մնալ զեկույցում ամենաթույլ ընդգրկված տարածաշրջանների շարքում՝ չնայած ծայրահեղ երևույթների նկատմամբ իրենց բարձր խոցելիությանը։ Հ.Գ. Ներկայացված սլայդում՝ «Գետային հոսքը 2025 թվականին՝ 1991–2020 թվականների միջին արժեքների համեմատ»։