Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում
36
Այսօր, 21:36
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում։ 1894 թվականին ստեղծված աշխատանքը Երևան է տեղափոխվել Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։ Կտավը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվում է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Ցուցադրության կենտրոնում Սուրենյանցի արվեստն է, սակայն թեման ավելի լայն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կորստի հիշողությունը և հումանիզմը։ «Լքյալը»-ի՝ Հայաստան հասնելու ճանապարհը երկար պատմություն ունի։ Կտավը Սուրենյանցն ստեղծել է 1894 թվականին, իսկ առաջին ցուցադրությունից հետո այն հայտնվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական շրջանակներին մոտ կանգնած կոմս Ալեքսեյ Բոբրինսկու մասնավոր հավաքածուում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո կտավը, ինչպես այդ տարիներին ազգայնացված բազմաթիվ արվեստի գործեր, անցել է պետական սեփականության և հայտնվել Ռուսական արվեստի թանգարանում։ Հետագայում՝ 1930-ականներին, խորհրդային տարիների թանգարանային հավաքածուների վերաբաշխման գործընթացի շրջանակում, Սուրենյանցի ստեղծագործությունը փոխանցվել է Ղազախստանի պետական արվեստի թանգարանին։ Այդպես «Լքյալը» հայտնվել է Ղազախստանում և տասնամյակներ շարունակ մնացել այնտեղի թանգարանային հավաքածուում։ Հետագայում այն դարձել է Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի մշտական ցուցադրության կարևոր աշխատանքներից մեկը։ Կտավը թանգարանի համար այնքան նշանակալի է եղել, որ երկար տարիներ այն ցուցադրվել է մշտական ցուցադրության կազմում։ Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել երկարատև բանակցությունների և կազմակերպչական աշխատանքի արդյունքում ստանալ ղազախական կողմի համաձայնությունը։ Արդյունքում «Լքյալը» ժամանակավորապես լքել է իր մշտական ցուցադրության վայրը և առաջին անգամ հասել Հայաստան։ Երևանում կտավը ներկայացվում է Սուրենյանցի երկու այլ խոշոր ստեղծագործությունների կողքին։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում միավորվել են «Լքյալը»՝ 1894 թվականի, «Ոտնահարված սրբություն»՝ 1895 թվականի և «Ջարդից հետո»՝ 1898 թվականի աշխատանքները։ Երեք կտավները միասին հնարավորություն են տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել Սուրենյանցի ստեղծագործական աշխարհայացքի և պատմական ողբերգություններին նրա արձագանքի մասին։ Ցուցադրության ուշագրավ մասերից է նաև Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական փայտե դուռը։ Այն հենց այն դուռն է, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Այսպիսով, այցելուն հնարավորություն ունի նույն ցուցադրության մեջ տեսնելու և՛ կտավը, և՛ դրա վրա պատկերված իրական պատմական դուռը։ Սուրենյանցի «Լքյալը» ստեղծվել է հայ ժողովրդի համար ծանր պատմական ժամանակաշրջանի համատեքստում։ Կտավում պատկերված է եկեղեցու մուտքի մոտ միայնակ մնացած ոտաբոբիկ աղջիկ։ Նկարի մթնոլորտը փոխանցում է կորստի, ավերածության և լքվածության զգացումը։ Ցուցադրությանը ներկայացված են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների աշխատանքներ։ Դրանք լրացնում են ցուցահանդեսի հիմնական գաղափարը՝ ներկայացնելով հայկական արվեստում մարդասիրական մտածողության տարբեր դրսևորումներ։ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 27-ը։