Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան

57
Այսօր, 22:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանրամասներ:
Տիգրանակերտի թոնիրները:
Որպես կանոն թոնրի տակ հասկացվում է այս կամ այն չափով գետնի մեջ փորված փոս, որտեղ վառվող կրակի ստեղծված ջերմությամբ պատրաստվում են տարատեսակ հացամթերքներ և ուտեստներ: Այս տեսակետից թոնիրների ժամանակագրությունը կարելի է սկսել թերևս մ. թ. ա. 4-րդ հազարամյակից:
Սակայն եթե թոնրի տակ նկատի ենք ունենում համարյա ամբողջությամբ գետնի մեջ կավի և/կամ աղյուսների օգնությամբ ստեղծված հատուկ կառույց, որը որպես կանոն ունի ջերմությունը կարգավորող համակարգ (այսպես կոչված ակ՝ հատակից սկիզբ առնող և թեքորեն դեպի վեր բարձրացող ու դրսի օդի հետ հաղորդակցվող խողովակաշար, որը փակելով կամ բացելով կարգավորում էին օդի մուտքը թոնիր), ապա գոնե հայտնի տվյալներով այն սկիզբ է առնում վաղ միջնադարում:
Արցախի Տիգրանակերտի պեղումները երևան են բերել տարբեր տեսակի թոնիրներ.
ա. մինչև 60-70 սմ լայնությամբ մոտ մեկ մետր խորությամբ վաղ միջնադարյան (4-8-րդ դարեր) գլանաձև թոնիրներ, որպես կանոն առանց ակի (նկ. 1),
բ. 8-9-րդ դարերի փոքր կոնաձև թոնիրներ, որոնք բնորոշ են արաբական նվաճման և և տիրապետության ժամանակին (նկ. 2),
գ. 11-12-րդ դարերի թոնիրներ, որոնք իրենց չափերով (0,8 մետրից մինչև 1,5 մետր լայնութուն, 1,0-1,20 մետր խորություն), կառուցվածքով՝ կավե գլաններով թոնրախցի ստեղծում (նկ. 3-5), ներսի պատերի իդեալական մշակում և մակերեսի տարատիպ ակոսներով հարդարում՝ հացը պատերին ավելի պինդ ամրացնելու համար, ակերի համարյա պարտադիր կիրառում, երբեմն էլ հացթուխի համար հատուկ փոսորակի և հարթակի ստեղծում (նկ. 6): Կարելի է հավաստել, որ հենց սրանք են դասական արցախյան թոնիրները, որնք զարմանալիորեն նույնական են մինչև վեջերս էլ Արցախում օգտագործվող թոնիրներին (նկ. 7):
Մի կարևոր հանգամանք էլ. այդ թոնիրները տեղադրված չեն շինությունների ներսում, դրանք բացօթյա են, ինչը նույնպես բնորոշ է և մերօրյա արցախյան թոնիրներին: Իհարկե, այդ թոնիրներն ունենում են շորջանակի ուղղանկույն հատակագծով ցանկապատ ու չորս կամ վեց փայտյա սյուների վրա հենվող կղմինդրապատ երկթեք տանիք՝ թոնիրն ու հացաթխման գործընթացն արևից, անձրևից և քամիներից պաշտպանելու համար, բաց, որպես կանոն, դրանք գտնվում են բուն բնակելի-տնտեսական համալիրից դուրս կամ նրան կից, այլ ոչ այդ համալիրի համակարգում: Դասական թոնիրների նույնականությունը մերօրյա թոնիրների հետ (նկ. 7) թույլ է տալիս նաև հավաստել, որ դրանք օգտագործվել են ոչ թե լավաշ, այլ կլոր ու զանգվածեղ հացի՝ այսպես կոչված «թուռնավ հացի» համար: Սա մշակութային ավանդույթի կայունության և սերնդե-սերունդ փոխանցման լավագոււն օրինակներից է:
դ. վերջապես հիշատակենք 13-րդ և 18-19-րդ դարերի բացօթյաի փոքր գլանաձև թոնիրները՝ անկանոն ու փնթի կառուցվածքով, ինչը բնորոշ է քաղաքի անկման ժամանակին, նորեկ քոչվոր բնակչությանը և վրանատեսք կառույցներին (նկ. 8):
Նկարների տողատակերը
Նկ. 1Վաղքրիստոնեական թոնիրներ, Անտիկ առաջին թաղամաս:
Նկ. 2 8-9-րդ դարերի թոնիր՝ վաղքրիստոնեական մեծ եկեղեցու ավերակների վրա:
Նկ. 3-5 11-12-րդ դարերի դասական թոնիրներ:
Նկ. 6 Դասական թոնիր՝ հացթուխի համար հատուկ հարթակով և փոսորակով:
Նկ. 7 _ժամանակակից թոնիր, Մաղավուզ, լուս.՝ Հոթելիեր ամուսինների:
Նկ. 8 13-րդ դարի կեսերի թոնիրներ Վաղքրիստոնեական հրապարակի վերին շերտում:
Нет комментариев
Оставьте первый комментарий.