Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.

«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան` խոնարհվում». Շուշաննա Հայասա

68
Այսօր, 22:42
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան` խոնարհվում». Շուշաննա Հայասա

Շուշաննա Հայասա ֆեյսբուքյան էջը գրում է. «Մինչ վարսավիրանոցների թանկարժեք պատերի ներսում կյանք մաշող, արհեստական շպարն ու ֆիլտրերը պաշտող, հոգեպես դատարկ ու չբավարարված շերտերը համացանցում տգիտաբար ծաղրում են նրա բնական արտաքինը, համաշխարհային արվեստի էլիտան խոնարհվում է մեր ժամանակների ամենաազդեցիկ արվեստագետներից ու փիլիսոփաներից մեկի՝ Աննա Պողիկյանի հանճարի առջև: Աննա Պողիկյանը մեր օրերի այն եզակի երևույթն է, ում կյանքն ու արվեստը ծնվել են Կահիրեի տաք ավազներում, բայց հոգևոր արմատներով միշտ կապված են մնացել հայության գենետիկ հիշողությանը: Միջազգային առաջատար հարթակները նրան իրավամբ բնութագրում են՝ որպես մեր ժամանակների ամենաազդեցիկ թափառական արվեստագետներից ու փիլիսոփաներից մեկն, ով ընտրել է բացարձակ նոմադիկ ազատություն՝ ստեղծագործելով հյուրանոցներում, նավերի տախտակամածներին ու օտար քաղաքների խաչմերուկներում: Նա իր առաջին դասերն ստացավ Օննիկ Ավետիսյանից և եգիպտացի մոդեռնիստ Ֆուադ Քամելից: Ուսանողական տարիներին լսողության կորուստը նրա ներաշխարհում բացեց մի մետաֆիզիկական ականջ, որը սկսեց որսալ պատմության արհավիրքների ու մարդկային ճակատագրերի խորքային թրթիռները՝ հետագայում վերածվելով նրա ինստալյացիաների գլխավոր սիմվոլներից մեկի: Տարիներ շարունակ Պողիկյանը ձևավորում էր Նոբելյան մրցանակակիր Նագիբ Մահֆուզի գրքերի կազմերը և հրաժարվում էր ցուցադրել իր գործերը: Սակայն ճակատագրական մի օր, երբ գնացքով ճանապարհորդելիս գողացան նրա ողջ ուղեբեռն ու տարիների նկարները, նա վերջապես որոշեց դուրս գալ ստվերից: Հենց այս համաշխարհային մեծությունն էր, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, սփյուռքահայ այլ արվեստագետների հետ Հայաստանին պարգևեց Վենետիկի բիենալեի բարձրագույն հաղթանակը՝ «Ոսկե առյուծը»: Այսօր նրա ստեղծագործությունները գնվում և մշտական հավաքածուներում պահվում են աշխարհի միլիոնավոր դոլարների հիմնադրամներ ու բյուջեներ ունեցող գլխավոր թանգարանների կողմից, ինչպիսիք են Նյու Յորքի MoMA-ն, Լոնդոնի Tate Modern-ը, Փարիզի Centre Pompidou-ն, ինչպես նաև Նյու Յորքի Metropolitan թանգարանը: Մինչ հասարակության այն նույն շերտը փորձում է ծաղրել նրա տարիքային ու կենսաբանական յուրահատուկ արտաքինը, նա մնում է անհասանելի ու վերամբարձ: Իր կենսաբանական առանձնահատկություններն ու արտաքինը նա երբեք չի քողարկել, բացարձակապես անտարբեր է արհեստական ֆիլտրերի ու գեղեցկության ստանդարտների հանդեպ. սեփական մարմնի անխաթար ընդունումը դարձել է նրա ամենաուժեղ զենքը՝ վերածվելով կանանց ազատության և հայրիշխանական ու սոցիալական կաղապարների դեմ պայքարի մի յուրօրինակ, կենդանի մանիֆեստի»:

Բացառիկ հարցազրույց եգիպտա-կանադահայ անվանի արվեստագետ Աննա Պողիկյանի հետ
Աղբյուրը`   Շուշաննա Հայասա