«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
72
Այսօր, 00:42
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք մի խոշոր ներդրողի սեղանին բերում, դնում են մի փաթեթ, որով առաջարկվում է, ասենք, մի կես միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում։ Էդ մարդը բնական է, որ ռիսկերը գնահատելու համար նախևառաջ իր իրավաբաններին հանձնարարում է երկրի ներդրումային մթնոլորտի աուդիտ անել ու ներկայացնել իրեն։ Հիմա աուդիտորները պետք է գրեն՝ • Հայաստանում չկա դատական համակարգ։ Դատավորները նշանակվում և հեռացվում են վարչակազմի կողմից։ Դատական վճիռները լիովին կախված են իշխանության քաղաքական կամքից։ • Իրավապահ մարմիններն իրենց գործունեության մեջ կաշկանդված չեն որևէ օրենսգրքով ու կատարում են բացառապես քաղաքական իշխանության կամքը։ • Ըստ սահմանադրության՝ իշխանության աղբյուր է հանդիսանում Ազգային ժողովը, որը լեգիտիմ չի համարվում ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության կողմից։ • Երկրի անվտանգությունը լիովին կախված է հարևան երկրի ոչ այդքան բարի ղեկավարի բարի կամքից։ Չկա մարտունակ բանակ։ Երկրի ողջ տարածքի պատկանելիությունը վիճարկվում է հարևան երկրի կողմից որը ցեղասպանությունների և էթնիկ զտումների հակում ունի: • Ղեկավարությունը իրեն կաշկանդել է իրար բացառող աշխարհաքաղաքական խոստումներով, որը երկիրը դարձրել է հակամարտող բևեռների բախման խաչմերուկ, որոնց թվում են ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Իրանը և ՌԴ-ն։ • Երկիրը մաս է կազմում անվտանգային համակարգի, որի գործունեությանը սակայն չի մասնակցում։ • Երկրում առկա է ՌԴ ռազմաբազա, որի բոլոր ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի առողջապահական ծախսերը, հատուցվում են երկրի բյուջեից, թեկուզև իշխանությունները դրա իմաստը չեն տեսնում ու պնդում են, որ ռազմաբազայի գոյության հանդեպ անտարբեր են։ • Երկրի սահմանները փակ են իր 4 հարևաններից 2-ի հետ։ • Քաղաքական և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները կամակայորեն ազատազրկվում, ունեզրկվում և սպանվում են։ • Տնտեսության ռեալ սեկտորը լիովին կախված է մի քանի խոշոր հանքարդյունաբերական հիմնարկների գործունեությունից, որոնք իրենց հերթին աշխարհաքաղաքական հակամարտությունների թիրախ են։ • Տնտեսության ֆինանսական սեկտորը ծայրահեղ կախվածություն ունի արհեստականորեն ուռճացվող փուչիկներից։ • Օտարերկրյա ներդրումների անվան տակ ապօրինաբար մսխվում են տեղի բանկերի ավանդատուների ու կենսաթոշակային հիմնադրամների գումարները։ • Հիմնական ներդրումային հոսքերը բաղկացած են «լվացվող» գումարներից՝ լինի դա ամերիկյան մեդիքերից գողացված փողերը, թե ՌԴ-ից բերվող պատժամիջոցապատկան գումարները։ • Երկիրը մաս է կազմում տնտեսական միավորման, որը տվյալ երկրի վերաբերյալ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել։ • Վիճակագրական տվյալները ակնհայտորեն կեղծվում են։ • Կենտրոնական բանկը հնչեցնում է ապոկալիպտիկ կանխատեսումներ։ • Երկրի էներգետիկայի հիմնաքարը ատոմակայանն է, որի գործունեության ժամկետը կսպառվի 3 տարուց, իսկ նոր ատոմակայան չի կառուցվում (ու չի էլ կառուցվելու)։ • Չկան էներգակիրների ներմուծման հուսալի ճանապարհներ, իսկ եղածները կարող են ցանկացած պահին փակվել: • Պարբերաբար տեղի են ունենում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային անջատումներ։ • Կրիտիկական տրանսպորտային ենթակառուցվածքների հանգույցները ենթակա են հանձմանը օտար պետությանը։ • Կրթական մակարդակը տարածաշրջանում վատագույնն է և վատթարացման միտում ունի։ • Առողջապահական համակարգը կոլապսի մեջ է։ • Կյանքի գնի աճը էականորեն գերազանցում է միջին եկամուտների աճը։ • Բյուջեում առկա է 15% դեֆիցիտ, որը ունի աճելու միտում։ • Միջազգային կառույցները հրաժարվում են վարկավորել իշխանությանը, տվյալ տարվա միջոցների ներգրավման պլանը կատարված է -77% (մինուս, ոչ թե գծիկ)։ • Տնտեսական ակտիվությունը պայմանավորված է բացառապես շինարարությամբ, մինչդեռ երկրի միակ ցեմենտի գործարանի սեփականատերը ազատազրկվել է, գործարանը պետականացվել է, ցեմենտի գինը 100% թանկացվել է, վաճառվում է միայն իշխանական ակտիվ ունենալու և մաղարիչ անելու պարագայում: Էսքանը կարդալուց հետո կարո՞ղ եք պատկերացնել ով պիտի լինի այն մարդը կամ հաստատությունը, որը Հայաստանում ներդրում կանի։ Ես կարող եմ՝ դա միայն հանցագործներն են և կրիմինալ սինդիկատները: Հայաստանը և Բոթսվանան կարելի է արխային հռչակել քույր քաղաքներ ու ղրաղ քաշվել...»։