«Սա դատաիրավական համակարգի ախտորոշում է․ խոսքը վստահության ճգնաժամի մասին է»․ Արման Բաբաջանյան
59
Այսօր, 17:18
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք, ովքեր ունեն փող, նրանք, ովքեր ունեն կապեր, նրանք, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- այս գնահատականը երեկ Դատախազության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա պետական մակարդակով հնչեցված դատաիրավական համակարգի ախտորոշում է։ Եթե պետության ղեկավարը փաստում է, որ արդարադատությունը հավասարապես հասանելի չէ բոլոր քաղաքացիներին, ապա խոսքն այլևս առանձին դատավորների, առանձին դատախազների կամ առանձին քրեական գործերի մասին չէ։ Խոսքը պետության և քաղաքացու միջև վստահության ճգնաժամի մասին է, որն առաջանում է, երբ մարդը սկսում է կասկածել, որ օրենքը բոլորի համար նույն ուժով չի գործում։ Իրավական պետության ամենամեծ արժեքը ոչ թե գեղեցիկ ու կահավորված դատարանների շենքերն են, ոչ թե նոր օրենքների քանակն է, այլ քաղաքացու վստահությունը, որ իր իրավունքները պաշտպանվելու են անկախ իր սոցիալական կարգավիճակից, քաղաքական հայացքներից կամ ազդեցիկ ծանոթների առկայությունից։ Այն պահին, երբ քաղաքացին համոզվում է, որ արդարության հասանելիությունը պայմանավորված է հնարավորություններով, ոչ թե իրավունքով, օրենքը դադարում է լինել հանրային հավասարության երաշխիք։ Այս խնդիրը չի սահմանափակվում դատական իշխանությամբ։ Այն վերաբերում է ամբողջ իրավապահ և արդարադատության համակարգին՝ ոստիկանությունից մինչև քննություն, դատախազությունից մինչև դատարան, փորձագիտական մարմիններից մինչև փաստաբանական օգնության հասանելիություն, դատական կառավարման մարմիններից մինչև դատական ակտերի կատարում։ Իրավական պետությունն այնքան ուժեղ է, որքան ուժեղ է այս ամբողջ շղթայի ամենաթույլ օղակը։ Արդարադատությունը միայն անկախ դատարան ունենալը չէ։ Այն ինստիտուցիոնալ մշակույթ է, որտեղ օրենքը բացառություն չի ճանաչում, որտեղ պաշտոնը պատասխանատվություն է, ոչ թե արտոնություն, որտեղ դատավարությունը մրցակցություն է ոչ թե ազդեցությունների, այլ իրավունքի միջև, և որտեղ պետությունն առաջին հերթին պաշտպանում է ոչ թե ուժեղին, այլ իրավունքը։ Հայաստանը նույնպես հասել է այդ ընտրության կետին։ Հայաստանում պետք է անցնել կոսմետիկ բարեփոխումներից համակարգային վիրահատության։ Անհրաժեշտ է վերականգնել իրավունքի նկատմամբ հանրային վստահությունը, որովհետև հենց դա է սահմանադրական ժողովրդավարության, տնտեսական զարգացման, միջազգային և տեղական ներդրումային միջավայրի, մարդու իրավունքների պաշտպանության և ազգային անվտանգության ամենակարևոր նախապայմանը։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահում է արդարադատությանը, վստահում է նաև պետությանը։ Այն երկրներում, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, իշխանությունը կայուն է ոչ թե ուժի, այլ լեգիտիմության շնորհիվ։ Եթե վարչապետի այս գնահատականը վերածվի իրական պետական բարեփոխումների մեկնարկի, այն կարող է դառնալ հեղափոխությունից ի վեր ամենակարևոր ինստիտուցիոնալ շրջադարձերից մեկը։ Բայց դրա համար անհրաժեշտ է ոչ թե համակարգի արտաքին ցուցափեղկի փայլեցում, այլ իրավական մշակույթի խորքային փոփոխություն։ Մենք աջակցելու ենք ցանկացած իրական, խորքային և համակարգային բարեփոխման, որը կվերացնի անհավասար արդարությունը։ Իրավական պետության հիմքը յուրաքանչյուր քաղաքացու վստահությունն է, որ օրենքը գործում է նույն ուժով, նույն չափանիշով և նույն անխուսափելիությամբ՝ բոլորի համար։ Սա դատաիրավական բարեփոխումից ավելի մեծ հարց է․ սա Հայաստանի պետականության ամրացման օրակարգ է»: