Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«Ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացրած սոցհարցումը»․ Հակոբ Բադալյան

58
Այսօր, 09:00
«Ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացրած սոցհարցումը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացրած սոցհարցումը: Հիշեցնեմ, որ այս սոցհարցման տվյալով, ՔՊ-ն ունի 29 տոկոս ձայն, Ուժեղ Հայաստանը՝ 11 տոկոս, և 4 տոկոս ձայն ունի Հայաստան դաշինքը:

Ես կարծում եմ այս թվերը քննարկելը բացարձակապես ավելորդ է: Ավելորդ է այն պարզ պատճառով, որ ուղղակի անտրամաբանական է մտածել, թե ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում բաց տեքստով հայտարարում է, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, իսկ այդ փոխնախագահի ներկայացրած կուսակցությանը դե ֆակտո կից գործող ինստիտուտը կարող է ներկայացնել դրանից հեռու որևէ այլ պատկեր:

Այո, ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը դե յուրե որևէ կապ չունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ: Դե յուրե այն անկախ կառույց է: Բայց, դե ֆակտո այն Հանրապետական կուսակցության քաղաքականության ծիրում գործող կառույց է, որը փափուկ ուժի գործիքներից մեկն է, ու սա գիտե ցանկացած շատ թե քիչ իրազեկ մարդ:

Հետևաբար, կրկնեմ, պարզապես անիմաստ է մտածել, թե ԱՄՆ հանրապետական վարչակազմը պաշտոնական մակարդակում պետք է սատարի Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ նույն իշխանության «փափուկ ուժի» գործիքներից մեկը պետք է տա սոցիոլոգիական այլ պատկեր:

Սրանով հանդերձ, սա բոլորովին չի նշանակում, թե ՔՊ-ն տապալված է և ընդդիմադիր ուժերն իրականում «զբոսնելով» կարող են վերցնել խորհրդարանը: Այլ կերպ ասած, դա էլ պարզապես լինելու է մյուս ծայրահեղությունը: Նրանցից պահանջվում է շատ ու շատ համառ և դիպուկ աշխատանք, եթե ուզում են ընտրություն հաղթել»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան