Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Արդյո՞ք Փաշինյանը կայցելի Հայաստանում Իրանի դեսպանություն»․ Թաթուլ Հակոբյան

91
Այսօր, 10:18
«Արդյո՞ք Փաշինյանը կայցելի Հայաստանում Իրանի դեսպանություն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր արևելյան հարևան պետության ղեկավարը երեկ այցելել է Բաքվում Իրանի դեսպանություն և ցավակցություն հայտնել կրոնապետի զոհվելու առիթով:
Ուշադրություն դարձրե՛ք. Բաքուն և Թեհրանն ունեն և ունեցել են բարդ հարաբերություններ, որոնք պարբերաբար մթագնվում են դիվանագիտական սկանդալներով: Ավելին, Բաքուն և Իսրայելը ունեն գերազանց հարաբերություններ, նաև վերջինիս տեխնոլոգիական օգնության շնորհիվ էր, որ մենք սարսափելի պարտություն կրեցինք պատերազմում:
Բաքուն լավ հարաբերություններ ունի նաև ԱՄՆ-ի հետ, իսկ հարևան պետության ղեկավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թրամփին առաջադրեցին Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
Իլհամ Ալիևն արդեն իսկ տարածաշրջանային խաղացող է, որ կարող է իր պետության շահերից բխող և ինքնուրույն որոշումներ կայացնել:
Չպետք է բացառել, որ Իրանի առաջնորդի սպանության առիթով դեմոնստրատիվ քայլով Ադրբեջանը ոչ միայն իր կարեկցանքն է հայտնում Իրանին՝ ի տես իր մերձավոր բարեկամներ Իսրայելի ու ԱՄՆ-ի, այլ իր երկրի կշիռը, գինն ու կարևորությունն է բարձրացնում, երբ անհրաժեշտություն լինի Իրանին հարվածելու կամ այլ նպատակով ԱՄՆ-ն ու Իսրայելը օգտագործեն Ադրբեջանի տարածքը:
Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրած մյուս մասնակիցը՝ վարչապետ Փաշինյանը, չի այցելել Երևանում Իրանի դեսպանություն, ճիշտ է՝ ցավակցել է Իրանի նախագահ Փեզեշքիանին:
Արդյո՞ք այսօր Փաշինյանը կայցելի Հայաստանում Իրանի դեսպանություն և արդյո՞ք պետք է դա անի: Հակված եմ ենթադրելու, որ կայցելի, մանավանդ Ալիևի քայլը տեսնելուց հետո:
Ի՞նչ խորհուրդներ են տալիս վարչապետ Փաշինյանին, ովքեր են խորհուրդ տվողները, լսո՞ւմ է արդյոք նա այդ խորհուրդներին: Արդյո՞ք նրա վրա ազդում է հասարակական կարծիքը:
Եթե այո, ապա, ուզում եմ այդ կարծիքին մեկ ձայն ավելացնել.
ա/ Հայաստանը չի կարող անտեսել, որ Իրանը մեր հարևանն է և մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք մեր հարավային հարևանի հետ, անկախ նրանից, թե ինչպիսի վարչակարգ է:
բ/ երբ տարածաշրջանն այրվում է, լուրջ չէ պերաշկի և կուկուռուզ ուտելով ներկուսակցական շրջայցեր կատարել և մեկ այլ հարևան հանրապետությունում դհոլ նվագել»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան