«Կեղծ Խաղաղության փլատակների տակ մնացին ցմահ դատապարտված հայ քաղբանտարկյալները». Արեգ Սավգուլյան
75
Այսօր, 02:00
Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «#ԶմռսվածՃշմարտություն
Կեղծ Խաղաղության փլատակների տակ մնացին Բաքվում ցմահ դատապարտված ազգությամբ հայ, քաղբանտարկյալները, որոնց կենսագրությունը կապված էր Արցախյան շարժման, պատմության, պետական կառավարման և Արցախյան 1-ին, ապրիլյան քառօրյա և 44- օրյա պատերազմների հետ։ 1. Հայ պառակտված հասարակության վերաբերմունքը Բաքվի բանտում պահվողների վերաբերյալ միատարր չէ և անգամ ազգակից լինելու հանգամանքը որոշ շերտերի մոտ կարեկցանքի տեղիք չի տալիս, և որոշ հատվածի մոտ անգամ դա նույնացվում է արդարության բարձրագույն դրսևորման հետ, այն իմաստով, որ «դրան» կամ «դրանց» այդպես էլ պետք է։ Սա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, բայց չեմ մտնում մի բանավեճի մեջ, որը ոչ սկիզբ ունի ոչ վերջ, մասնավորապես որ ծուռ հայելիների աշխարհում կա մի այլ զուգահեռ իրականություն, որտեղ Հայը դատվում և պահվում է թուրքական բանտում և սա ինձ համար նսեմացուցիչ է։ Նրանք չեն դատում անձի, նրանք դատում են Հայի, ինչպես օրինակ ոչ շատ հեռու մեզնից դատում են Միքայել սրբազան Աջապահյանին և այլոց։ 2. Ես սա կապում եմ արդարության միջազգային (նաև տեղային) դեֆիցիտի հետ, որը ծնվեց, երբ միջազգային իրավունքի նորմին, բացահայտ կերպով, աշխարհում եկավ փոխարինելու, «Ուժի իրավունքը», որը գործում է «Պետությունների կամ մարդու իրավունքների վրա թքած ունենալու նուրբ արվեստի» բանաձևով։ Ի դեպ միջազգային հանրությունը մատը մատին չխփեց և ամբողջովին տեղավորվեց նշված քաղբանտարկյալներին «ահաբեկիչ ճանաչելու» և «մի արշինով չափելու» ազերիական թեզի և Բաքվում դատելու «եռակողմ» դավադրապաշտական մոտեցման հետ՝ (Արտաքին ուժեր+Բաքու+Երևան=Ցմահ ազատազրկում)։ 3. Եվ այստեղ ոսկերչական նուրբ աշխատանք է կատարում նաև ՔՊ-ական քարոզչամեքենան, որը 44-օրյա պատերազմի պարտության ողջ մեղքը, Արցախի հանձնումը արցախահայության բռնի տեղահանումը բարդում է Բաքվում ցմահ ազատզրկման դատապարտված Հայերի անվան հետ։ 4. Եթե Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը դատվեին Հայաստանում, եթե ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների հանգանանքները ուսումնասիրող հանձնաժողովների կողմից իրականացված քննությունները լինեին օբյեկտիվ և հանրությանը լինեին հասանելի, եթե գործող իշխանությունները լինեին ազնիվ և թափանցիկ մեր դատողությունները համոզված եմ, այլ կերպ կլինեին, որովհետև Ճշմարտությունը չէր զմռսվի և թաղվի կամ Բաքվի բանտի հորերում կամ Ազգային ժողովի փոշոտ արխիվներում։ 5. Իսկ ՀՀ իշխանությունները արդյո՞ք կմիջնորդեն, որ Բաքվում դատապարտված Հայերը իրենց «պատիժը» կրեն Հայաստանում։ Սրանք՝ դժվար թե։ Հ.Գ. Կիսում եմ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի այն միտքը, որ «Մենք կամ կվերածնվենք կամ կմեռնենք և այո խաղադրույքը պետք է անել վերածնվելու վրա»»։