Երևան`   -9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Ալիևը բաց տեքստով ասում է՝ երկարատև խաղաղության համար պետությունը պետք է ուժեղ լինի պոտենցիալ թշնամիներից». Հայկ Խանումյան

54
Այսօր, 00:30
«Ալիևը բաց տեքստով ասում է՝ երկարատև խաղաղության համար պետությունը պետք է ուժեղ լինի պոտենցիալ թշնամիներից». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղության լեզուն և ուժի քաղաքականությունը.
Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դիսկուրսում խաղաղության գործընթացը հաճախ ներկայացվում է որպես վստահության, փոխզիջման և ապագային նայելու հարց։ Սակայն 2025թ․ դեկտեմբերի վերջին Աղդամում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ հակառակ կողմի ռազմավարական ընկալումը հիմնված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այդ տրամաբանությունը հիմնված է քաղաքական ռեալիզմի վրա։
Խաղաղությունը՝ որպես ձև, ոչ բովանդակություն
Ալիևը խոսում է խաղաղության գործընթացի մասին՝ ընդգծելով, որ դրա նախաձեռնողը հենց Ադրբեջանն է։ Սակայն այդ հիշատակումները ելույթի մեջ չեն հանդիսանում հիմնական ուղերձը։ Խաղաղությունը ներկայացվում է ոչ թե որպես ռազմավարական նպատակ, այլ որպես ընթացիկ գործընթաց, որը չի փոխում անվտանգության հիմնական հաշվարկները։ Սա բնորոշ է մեծ կամ առավել ուժեղ պետություններին․ խաղաղության լեզուն հաճախ կիրառվում է արտաքին լսարանի համար, մինչդեռ իրական ռազմավարությունը շարունակում է հիմնվել ուժի հաշվեկշռի վրա։
Ազգայնական հիշողությունը որպես քաղաքական հիմք
Ելույթի առանցքային մասը նվիրված է պատմական հիշողությանը՝ «օկուպացիային», «շեհիդներին», «Խոջալուի զոհերին»։ Այս հղումները պատահական չեն։ Ըստ քաղաքական ռեալիզմի տեսաբանների՝ ազգայնականությունը ինքնիշխանության սոցիալական հենարանն է։ Պատմական տրավման մշտապես ակտիվ պահելով՝ իշխանությունը ձևավորում է հանրային կոնսենսուս այն գաղափարի շուրջ, որ պետությունը գտնվում է մշտական վտանգի պայմաններում և իրավունք ունի ուժ կիրառելու կամ ուժով սպառնալու։
Այստեղ խաղաղությունը չի հակադրվում ազգայնականությանը։ Ընդհակառակը՝ խաղաղության մասին խոսքը կառուցվում է ազգայնական հիշողության վրա և ենթարկվում նրան։ Սա կտրուկ հակասում է այն լիբերալ պատկերացմանը, թե խաղաղության համար անհրաժեշտ է պատմական հակամարտությունների «մոռացում» կամ չեզոքացում։
«Չխաբվել քաղցր խոսքերով»
Ալիևի խոսքում առանձնանում է մի ձևակերպում, որն ունի հստակ գաղափարական բովանդակություն․ «մենք չպետք է երբեք խաբվենք քաղցր խոսքերով»։ Սա ուղղակի մերժում է այն տրամաբանությունը, ըստ որի միջազգային նորմերը, պայմանագրերը և վստահության կառուցման մեխանիզմները կարող են փոխարինել ուժի քաղաքականությանը։
Սա քաղաքական ռեալիզմի հիմնարար դրույթ է․ միջազգային համակարգում չկա վերին արբիտր, հետևաբար պետությունները չեն կարող իրենց անվտանգությունը հանձնել խոստումներին կամ իրավական ձևակերպումներին։ Ալիևի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացը չի ընկալում որպես ինքնիշխանության սահմանափակում։
Ուժի կուտակումը՝ որպես խաղաղության նախապայման
Ելույթի տրամաբանական հանգույցը ռազմական հզորացման արդարացումն է։ Ադրբեջանի նախագահը բաց տեքստով ասում է, որ երկարատև խաղաղության համար պետությունը պետք է «մի քանի անգամ ուժեղ լինի պոտենցիալ թշնամիներից»։
Այս մոտեցման մեջ խաղաղությունը արդյունք է ուժի դիսբալանսի/անհավասարակշռության, ոչ թե փոխադարձ վստահության։ Ինքնիշխանությունը այստեղ սահմանվում է ոչ թե իրավական փաստաթղթերով, այլ բանակի կարողությամբ և հանրության պատրաստակամությամբ աջակցելու այդ կարողությանը։
Ինչ է նշանակում սա հայկական քաղաքական դիսկուրսի համար
Եթե Հայաստանը խաղաղության գործընթացը դիտարկում է հիմնականում լիբերալ տրամաբանությամբ՝ որպես հարաբերությունների նորմալացում և հակամարտության անցյալի փակում, ապա Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ հակառակ կողմը գործում է բոլորովին այլ տեսության շրջանակում։ Ազգայնականությունը Ադրբեջանում չի թուլանում խաղաղության ֆոնին, այլ շարունակում է մնալ պետական քաղաքականության առանցքը։
Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից սա նշանակում է, որ խաղաղության գործընթացում կողմերից մեկը չի հրաժարվում ուժային քաղաքականությունից և չի պատրաստվում այն փոխարինել ինստիտուցիոնալ կամ իրավական մեխանիզմներով (սրա վառ ապացույցը Հայաստանին պարտադրելն էր հրաժարվել միջազգային ասպարեզում դատական հայցերից)։ Այս պայմաններում խաղաղությունը կարող է վերածվել ոչ թե փոխադարձ անվտանգության համակարգի, այլ ուժեղ կողմի կողմից թելադրվող կարգի։
Եզրակացություն
Ալիևի ելույթը, ցույց է տալիս, որ խաղաղության մասին խոսքը չի նշանակում ազգայնականության կամ ինքնիշխան ուժի քաղաքականության թուլացում։ Ընդհակառակը՝ այն ծառայում է այդ քաղաքականության լեգիտիմացմանը։ Փոքր պետության համար, ինչպիսին Հայաստանն է, սա կարևոր նախազգուշացում է․ խաղաղության լեզուն պետք է վերլուծել ոչ թե հռչակագրերի, այլ ուժի և ինքնիշխանության իրական հաշվարկների մակարդակում»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան