«Ճանապարհների մաքրման գործընթացը որակի բարձրացման խիստ կարիք ունի». Օլեգ Դուլգարյան
79
Այսօր, 20:48
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճանապարհային իրավիճակ Ալավերդի – Երևան – Ալավերդի ուղերթի ընթացքում Այսօր առավոտյան ժամը 7-ից ուղևորվեցի Ալավերդիից Երևան և վերադարձա կես ժամ առաջ։ Առավոտյան ճանապարհները հիմնականում վատն էին․ նման վիճակ էր սկսած Թումանյան քաղաքի մատույցներից մինչև Աշտարակի մատույցները։ Հատկապես սառած էր ճանապարհը Սպիտակի տարածաշրջանից մինչև Ապարան ու Հարթավանի կողմերը։ Այդ ընթացքում առաջին ճանապարհ մաքրող մեքենային հանդիպեցի հենց Հարթավանի կողմերում, ինչը չի նշանակում, թե մյուս հատվածներում ճանապարհները չեն մաքրվել․ որոշ տեղերում երևում էր կարմիր ավազ։ Առաջին վթարի ականատեսը եղա Գեղարոտ գյուղի մատույցներում, երբ մեքենան դուրս եկավ ճանապարհից և հայտնվեց աջակողմյան ձորակում։ Մեքենայից երկու երիտասարդ դուրս եկան․ բարեբախտաբար՝ առանց լուրջ վնասվածքների։ Երեկոյան վերադառնալիս ճանապարհները կրկին վատն էին, հիմնականում Ապարանի տարածաշրջանից սկսած մինչև Սպիտակի տարածաշրջան։ Խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Ապարանի տարածաշրջանում․ երկու մեքենա բախվել էին իրար, և տեսքից պարզ էր, որ ուղևորները հնարավոր է ծանր վնասվածքներ էին ստացել։ Լուր չունեմ մանրամասների մասին, քանի որ տեսա այն պահին, երբ ուղևորները արդեն տարհանված էին, իսկ ԱԻ մեքենան հեռացնում էր մեքենաները ճամփեզրից։ Վերադարձին բազմիցս հանդիպեցի ճանապարհները մաքրող մեքենաների, սակայն իրավիճակը դրանից շատ չէր փոխվում։ Թվում է՝ ճանապարհները մաքրում ու մշակում են, բայց դրանք միևնույն է մնում են վտանգավոր։ Պետք է փոխվի առհասարակ ճանապարհների մաքրման մոտեցումն ու մեխանիզմը․ կովշով քերելուց հետո առաջանում է մերկասառույց, իսկ ավազը հիմնականում կուտակվում է ճանապարհի մեջտեղում։ Պետք է վերանայել նաև ավազի օգտագործման արդյունավետությունը։ Ճանապարհների մաքրման գործընթացը որակի բարձրացման խիստ կարիք ունի, այլապես առատ և տևական տեղումների դեպքում գործընթացի առհասարակ կգահավիժի։ Մյուս կողմից մտածում ես, միգուցե որ երկար տարիներ նորմալ տեղումներ չեն եղել և մասնագետները հետ են վարժվել ճանապարհամքարման փորձից Ճ։ Միակ դրականը, որը կարող եմ արձանագրել, այն է, որ ռետինե ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը կարծես սկսել է գործել, և այս իրավիճակում դա է հիմնական փրկող գործոնը։ Մեկ անգամ ևս նշեմ, որ խնդիրը մարզային սահմաններ չի ճանաչում, քանի որ բոլոր հատվածներում իրավիճակը գրեթե նույնն է։ Միակ անվտանգ ճանապարհի հատվածը Թումանյանից Ալավերդի հատվածն էր, որտեղ ոչ միայն սառույց չկար, այլ ճանապարհը կարծես «ֆենով» չորացրած լինեին, ինչը բնականաբար պայմանավորված է տվյալ տարածքի եղանակային և կլիմայական առանձնահատկություններով»: