«Դա առաջնորդին հավատարմության ցուցադրություն էր՝ ռաբիզ երաժշտության և պարի միջոցով». Թաթուլ Հակոբյան
73
Այսօր, 04:00
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանցիների մեծագույն մասը հրապարակավ կամ մի քիչ ծածուկ, ռաբիզ է լսում: Օրինակ, անձամբ հարսանիքներից խուսափում եմ երկու պատճառով. ա/ քիչ է որ բարձր, շատ բարձր Չերաժշտությունը՝ դեմբ-դիմբը, թույլ չի տալիս լսել կողքինիդ ու դիմացինիդ, հարց ու փորձ անել ամիսներով ու տարիներով չտեսած բարեկամիդ, բ/ այդ Չերաժշտությունը ռաբիզ է: Բայց, բնականաբար, ես կողմ եմ հարսանիքներին, ուրախություններին, կնունք-ծնունդներին, որովհետև մեր ժողովուրդը ևս իրավունք ունի պարել, ուրախանալ, երջանիկ ապրել, ծլել, ծաղկել, բարգավաճել: Սուգը չպետք է հավերժ լինի: Ինչ արած: Մեր ժողովուրդը սիրում է ռաբիզ, քրդական, թուրքական, ադրբեջանական երաժշտություն: Խորհրդային տարիներին Զեյնաբ Խանլարովան էր լցնում Հրազդան մարզադաշտի տրիբունաները: Երեկ համացանցում հայտնված ռաբիզը՝ ուր որ գնաս հետդ կգամ, ինձ համար ավելի էական էր այլ տեսանկյունից: Դա առաջնորդին հավատարմության ցուցադրություն էր ռաբիզ երաժշտության և պարի միջոցով: Մանավանդ այս օրերին, երբ կա ցուցակ մտնելու և ցուցակում լավ տեղեր զբաղեցնելու խնդիրը: Երեկ մեկ այլ բան նկատեցի: Մեր պաշտոնյաներից մեկն ասել էր, որ պատարագ է գնում միայն իր ղեկավարի հետ, եթե ղեկավարը չի գնում, ուրեմն՝ ինքն էլ չի գնում: Սա էլ է հավատարմության ցուցադրության, բայց արդեն այլ՝ անհավատ եղանակով: Պատարագը Հիսու Քրիստոսի զոհաբերության խորհուրդն է: Պատարագի ընթացքում մարդը, եթե բարեպաշտ հավատացյալ է, այլ ոչ ցուցադրական պատարագի և քաղաքական ակցիայի մասնակից, հոգով վերապրում է Մեր Տիրոջ տառապանքը, որ զոհվեց հանուն մարդու փրկության: Բոլորիդ՝ ՔՊ-ական, ՊՈՒ-ական, Քոչարյանական, աթեիստ, մաղթում եմ լավ առավոտ և լավ օր և խորհուրդ եմ տալիս լսել կամ կարդալ Նարեկացու Տաղ Հարության անմահ գործը՝ այստեղ թողնելով մի քանի տող. Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան։ Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց, Եւ ի վերայ նորա՝ աթոռք են կարգեալ, Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք, Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք, Եւ ի վերայ նորա Որդի արքայի, Եւ յաջմէ նորա՝ վեցթևեան սերովբէքն, Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն, Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ, Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական, Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար, Որք երգէին զերգս՝ ասելով՝ - Փա՜ռք Քրիստոսի ամենազօր յարութեան»: