«Քարոզչական գրոհ` Թուրքիա-Հայաստան սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ». Արմեն Պետրոսյան
78
Այսօր, 02:18
Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիա-Հայաստան սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ՝ քարոզչական գրոհ կարգավորման գործընթացի դեմ Հայաստանի դեմ ընթացող տեղեկատվական հարձակումների շրջանակներում (հաճախ բնութագրվում է նաև՝ որպես «հիբրիդային պատերազմ») թուրքական մամուլում (Aydınlık, Sözcü լրատվամիջոցներ) անցած օրերին տարածվել է ակնհայտորեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին խոչընդոտելուն միտված հրապարակում, որը շրջանառվում է նաև հայաստանյան լրատվամիջոցներում։ Այն վերաբերում է Հայոց Եկեղեցու ապագա առաջնորդի թեմային, որի թեկնածության որոշման հարցը, ըստ հրապարակումների, «կկայացնի ոչ թե Էջմիածինը՝ Հայաստանի կրոնական կենտրոնը, այլ Անկարան և Ստամբուլը»։ Ակնհայտ է, որ շուրջ 3 տարի շարունակվող Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի շրջանակում ամենաշոշափելի քայլի՝ սահմանի մասնակի հնարավոր բացմանն ընդառաջ (այս օրերին բովանդակային անհրաժեշտ միջոցառումներ են ընթանում սահմանի Թուրքիայի հատվածում)՝ հենց ներկայում, Հայաստանի ներքին կյանքում ամենազգայուն թեմայի՝ նման շեշտադրումներով տարածումը կարող է բխել բացառապես այն դերակատարների շահերից, որոնք դեմ են կարգավորմանը։ Իսկ հրապարակման սկզբնաղբյուրի ուսումնասիրությունը մատնանշում է որոշ կանխատեսելի վեկտորներ։ Aydınlık թերթը սերտորեն կապված է թուրքական «Վաթան» (Vatan) կուսակցության և նրա տխրահռչակ հակահայ առաջնորդ Դողու Փերինչեքի գաղափարական հարթակի հետ։ Թերթը հաճախ արտահայտում է տեսակետներ, որոնք համընկնում են ռուսական, իրանական կամ չինական քաղաքական օրակարգերի հետ և քննադատում են Արևմուտքի դերակատարությունը տարածաշրջանում։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, հարթակի աշխատանքը համակարգող Փերինչեքի որդին ապրում և աշխատում է Ռուսաստանում...»։