«Աշխարհատնտեսական բաղադրիչները չեն կարող լինել «խաղաղության» երաշխիք»․ Արման Աբովյան
62
Այսօր, 20:18
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարդում եմ նորությունները և ուղղակի ապշում եմ Հայաստանում ընթացող իշխանամետ քարոզչության լկտիությունից։ Կա զգացողություն, որ նրանք իսկապես համոզված են, թե Հայաստանի բնակչությունը, այսինքն՝ մենք բոլորս առանց բացառության, իդիոտներ ենք։ Դատեք ինքներդ. այս օրերին նրանք հրճվանքից խեղդվելով, ամեն անկյունում ճչում են, թե իբր եթե Ադրբեջանը մեզ բենզին է վաճառել կամ իր տարածքով թույլ է տվել հացահատիկով բեռնված գնացքների անցումը, ապա դա նշանակում է, որ «խաղաղություն» է հաստատվել։ Ահա այսպես՝ պարզ ու անկաշկանդ մեզ կրկին պարզապես ստում են։ Դա մոտավորապես նույնն է, եթե հիվանդ մարդը հանկարծ հայտարարի, որ առողջացել է, քանի որ հարևան խանութից բոթաս է գնել։ Կամ եթե կողոպուտի զոհ դարձած մարդը երջանիկ հայտարարի, որ իրեն կողոպտած ավազակներից բենզինի կանիստրա է գնել և այդ հիմքով եզրակացնի, թե իրեն այլևս չեն կողոպտի կամ չեն փորձի սպանել։ Անհեթեթություն է, իհարկե, բայց այնուամենայնիվ։ Տղաներ ու աղջիկներ, ավելի ճիշտ՝ «օղլաններ ու գըզլարներ», դուք լո՞ւրջ եք սա ասում։ Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր հանկարծ որոշել են, թե իրենք շատ "շուստրի" են, կրկնենք. ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՏԵՂ, ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ տնտեսական, լոգիստիկ և այլ աշխարհատնտեսական բաղադրիչները չեն եղել և չեն կարող լինել «խաղաղության» երաշխիք կամ ցուցիչ։ Երկրորդը՝ Հայաստանում նույնիսկ վերջին տգետին էլ պարզ է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը «բարի» են լինելու միայն մինչև 2026 թվականի հունիսի 7-ը (այսինքն՝ մինչև ընտրությունները), որպեսզի բոլոր հնարավոր մեթոդներով աջակցեն ՀՀ ում գործող իշխանությանը, այդ թվում՝ այսպիսի տնտեսական ու քաղաքական «խաղաղասիրական» փիառ-ակցիաներով։ Ի դեպ, ամենազավեշտալին այն է, որ դրա մասին օրեր առաջ բացեիբաց հայտարարել էր Հայաստանի ներկայիս իշխանությունների մեծ ընկերը և Հայաստանի ժողովրդի մեծ թշնամին՝ Էրդողանը, երբ ասաց, որ «Թուրքիան պատրաստվում է հաջորդ տարի Հայաստանի նկատմամբ իրականացնել մի քանի խորհրդանշական քայլեր»։ Եվ վերջապես՝ հրաժարվե՞լ է Ադրբեջանը իր պահանջներից Հայաստանի նկատմամբ։ Ոչ։ Շարունակո՞ւմ են Թուրքիան և Ադրբեջանը վերագրել ու վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։ Այո։ Ապաշխարե՞լ է Թուրքիան, ապաշխարե՞լ է Ադրբեջանը հայերի նկատմամբ գործած հանցագործությունների համար։ Ոչ։ Ճանաչո՞ւմ է Ադրբեջանը արցախահայության ազատության և անվտանգ վերադարձի իրավունքը՝ առանց որևէ վերապահման, միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում, այլ ոչ թե այն պոռնոգրաֆիայի, որը կոչվում է «Ադրբեջանի օրենքներ»։ Ոչ։ Պնդո՞ւմ է Ադրբեջանը Հայաստանի տարածքում եկվոր թուրքական ցեղերով բնակեցման պահանջը։ Այո։ Տարածվո՞ւմ է Ադրբեջանում համատարած ատելություն Հայաստանի և ամեն հայկականի նկատմամբ։ Այո։ Կարող եմ շատ երկար շարունակել այս ցանկը, բայց չեմ անի։ Անիմաստ է, որովհետև այս պատասխաններից հետո ամեն ինչ արդեն պարզ է։ Միայն թե չի լքում զզվանքի զգացումը նրանց նկատմամբ, ովքեր իրականում երկիրն ու մեզ բոլորիս տանում են թուրք-ադրբեջանական մսաղացի մեջ՝ ճանապարհին կերակրելով թուրքական հացով և «աշխարհաքաղաքական մահվան մեքենան» լցնելով ադրբեջանական բենզինով։ Եվ ևս մեկ բան… եթե ևս թեկուզ մեկ անգամ որևէ մեկը համարձակվի արցախցիներին անվանել մարդիկ, որոնք խոնարհվել են թշնամու առաջ, ուղղակի թքեք այդ մարդկանց բերանը, որովհետև շրջափակման ժամանակ արցախցիները հրաժարվել էին ադրբեջանական հացից, իսկ Հայաստանում բնակվող որոշ իբր հայեր խանդավառությամբ դիմավորում են ադրբեջանական բենզինը»։