Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«2018-ի հեղափոխությունը համարում եմ Հայաստանում ծնված շարժում»․ Թաթուլ Հակոբյան

148
Այսօր, 09:48
«2018-ի հեղափոխությունը համարում եմ Հայաստանում ծնված շարժում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների փոխադարձ մեղադրանքները՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, թույլ տվեք ասել հետևյալը.
ա/ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի պատմության կտրվածքով տպավորություն ստեղծի, որ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը մերժել է Սերժին, այլ որովհետև ինքը չէր կարող բան անել գերհզոր պետությունների դեմ, որոնք բերեցին Նիկոլին իշխանության: Սպասենք, թե երբ է պարոն Սարգսյանը նշելու այն հզոր ուժերի անունները, որոնք բերեցին Փաշինյանին իշխանության:
բ/ Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին հարվածելու հիմնական միտումը ներքաղաքական է՝ մնալ միակ ընդդիմադիրը:
գ/ ես չգիտեմ, եղել ե՞ն ուժեր, որ օգնել են Փաշինյանին իշխանության գալու, բայց Երևանի և Հայաստանի փողոցներում տեսել եմ հարյուր հազարներ, որոնք հոգնած, կներեք՝ զզված նախկիններից, մերժել են Սերժին, բայց նաև՝ Քոչարյանին:
դ/ 2018-ի հեղափոխությունն անձամբ համարում եմ Հայաստանում ծնված շարժում:
ե/ թեև 2021 թվականին Փաշինյանին չեմ ընտրել և ԵՐԲԵՔ չեմ ընտրելու, դա չի խանգարում ինձ ասելու, որ անգամ աղետալի պարտությունից հետո նա ընտրություններով հաղթել և՛ Քոչարյանին, և՛ Սերժին:
զ/ ես նաև կարծում եմ, որ Քոչարյանն ու Սերժը ընտրություններով երբեք չեն ընտրվել, թեև քսան տարին իշխել են Հայաստանում, նաև այդ պատճառով է, որ ծնվել է Նիկոլ Փաշինյանը և այդ պատճառով է, որ ատում են փողոցն ու ժողովրդավարությունը:
է/ որպեսզի ճիշտ ընկալվի իմ այս տեքստը, կրկնեմ հերթական անգամ, որ Արցախում մեր սարսափելի պարտության մեջ թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու եմ համարում Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի և Արցախի օրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան