Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Այս դատավարությունը վաղուց վերածվել է զոհի հարազատների երկարատև խոշտանգման»․ Մարիամ Կանայան

120
Այսօր, 20:30
«Այս դատավարությունը վաղուց վերածվել է զոհի հարազատների երկարատև խոշտանգման»․ Մարիամ Կանայան

Օգտատեր Մարիամ Կանայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստն էր։ Դատարան հասա, տեսա, որ Սոնայի հորեղբայրը միջանցքում պառկած է նստարանին: Գունատ էր, ուժեղ ցավեր ուներ, դժվար էր շնչում։ Ինքը բժիշկ է, ասում էր, որ ինֆարկտ է։ Ժամանած շտապօգնության բժիշկները նախնական հաստատեցին, տարան հիվանդանոց։ Հետո իմացանք, որ վիրահատել են։
Այս ամենից հետո մտա դահլիճ, մի քանի րոպե փորձեցի ուշքի գալ, հասկանալ՝ նիստում ինչ է կատարվում, տեսա, որ մեղադրյալի պաշտպանները շարունակում են նույն անմարդկային ցինիկ շոուն, ինչ և նոյեմբերի 18-ի նիստին։
Տիկնայք և պարոյանայք պաշտպաննե՛ր, այո, բոլորը իրավունք ունեն պաշտպանության, նույնիսկ ամենահակամարդկային կերպարները չպիտի զրկվեն պաշտպանվելու իրավունքից, բայց մի բան է մեղադրյալի պաշտպանությունը ու բոլորովին այլ բան տուժող կողմին հակամարդկային էմոցիանալ կտտանքների ենթարկելը, ինչը դուք եք անում։
Ես հիմա չեմ գրի պաշտպանների՝ դատական պրոցեսը միտումնավոր ձգձգելու մասին, անցյալ տարվա նիստերի մասին հղումները կտեղադրեմ մեկնաբանություններում, բայց անպայման կհիշեցնեմ նոյեմբերի 18-ի էմոցիոնալ նույն ճնշումներով լի դատական նիստի մասին, որ նույնիսկ անծանոթ մարդկանց վրա խիստ վատ ազդեց, ինչի մասին կարող են փաստել նիստին ներկա լրագրողները։
Մեղադրյալի պաշտպանները դեռ անցյալ տարվա հունիսի 18-ին միջնորդություն էին ներկայացրել տեսաձայնային փորձագետին նորից կանչելու, նորից հարցաքննելու։ Նիստը պիտի կայանար օգոստոսի 29-ին, բայց պաշտպանները չէին ներկայացել և նիստը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 18։
Այդ օրը վրաերթ կատարած վարորդի պաշտպանները որոշել էին տեսաձայնագրային փորձաքննությունների մասնագետին տալ նույն 2–3 հարցը՝ չնչին ձևափոխումներով։ Ամենակարևորն այն էր, որ կրկնվող հարցերին զուգահեռ, գրեթե 2 ժամ անընդհատ ցուցադրում էին վրաերթի կադրերը՝ ստիպելով հարազատներին ու ներկաներին բազում անգամներ նայել Սոնայի զոհվելու պահը։ Սա անընդհատ կրկնվում էր. փորձագետը տալիս էր պատասխանը, նրանք նորից նույն բանն էին անում ու ստիպում բոլորին նորից նայել կադրերը, լսել նույն հարցերը։ Իսկ դատարանը առանձնապես չէր ջանում կասեցնել։
Նիստի ավարտին թե՛ հայրը, թե՛ հորեղբայրը, էմոցիոնալ շատ վատ վիճակում էին, ինչպես և մյուս ներկաները։
Երեկ՝ մարտի 3-ին, Սոնայի հայրը սրտի խդիրների պատճառով նիստին ներկա չէր, իսկ հորեղբայրը ուղղակի վատացել էր այն մտքից, որ նորից նույն տանջալից ցիկլի միջով է անցնելու և սիրտը չէր դիմացել։
Նիստը շարունակվում էր, պաշտպանն ամբարտավան վարքագծով փորձում էր ճնշում գործադրել փորձագետի վրա, անտեղի քմծիծաղներ էր տալիս։ Միևնույն ժամանակ աչքիս առաջ էր Սոնայի հորեղբայրը, որին հենց նույն պահին տանում էին հիվանդանոց, ու այլ տեղեկություն չունեի․․․ Փորձում էի այս երկու իրականությունը համադրել ու մտծում էի՝ լավ, քանի՞ կյանք պիտի կործանվի, որ արդարությունը հաստատվի․․․ Այս դատավարությունը վաղուց վերածվել է զոհի հարազատների երկարատև խոշտանգման։
Ուզում եմ խնդրել ընկերներիս, որ միմյանց օգնենք չհամակարեպվելու անարդարության հետ, հակառակը միմյանց օգնենք պայքարելու արդարության հաստատման համար։ Եթե լռենք՝ անպատասխանատվությունը, անպատժելիությունը նոր զոհեր կգտնի․․․
Հ․Գ․ Աստված մեզ այս անդուր, անմարդկային ժամանակներում ուժ տա այս ամենի միջով արժանապատվորեն անցելու։ ԱՄԵ՛Ն»։

Աղբյուրը`   Մարիամ Կանայան