Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«ԵՄ անդամակցության գործընթացը ՀՀ ինքնորոշման հայտ է, ոչ թե «ամուսնության» հարց»․ Արման Բաբաջանյան

93
Այսօր, 14:06
«ԵՄ անդամակցության գործընթացը ՀՀ ինքնորոշման հայտ է, ոչ թե «ամուսնության» հարց»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումն ու ռազմավարական հեռանկարը չեն կարող կաղապարվել կենցաղային անալոգիաների և շուկայական լեզվով արվող պարզունակ համեմատությունների մեջ: ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան բերելը ժողովրդի կամքի արտահայտումն է, և այն ոչ միայն միջազգային իրավական գործընթաց է, այլև Հայաստանի ինքնիշխանության ու ինքնորոշման հստակ հայտ: Սա ոչ թե ամուսնության հարց է, այլ քաղաքական որոշում, որը բխում է Հայաստանի շահերից և որի հիմքում պետության կենսունակության ապահովման անհրաժեշտությունն է:
Հայաստանն այսօր կանգնած է մի իրողության առաջ, որտեղ նրա ազգային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը սերտորեն կապված են արտաքին աշխարհում հավասարակշռված և լայն համագործակցության հետ: Ռուսաստանը, որն ավանդաբար ներկայացվում էր որպես Հայաստանի անվտանգության գլխավոր հենասյուն, վերջին տարիներին հետևողականորեն հարվածում է այդ ընկալմանը՝ ցուցաբերելով անտարբերություն Հայաստանի անվտանգային մտահոգությունների հանդեպ և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ վարելով զուտ իր շահերին ծառայող քաղաքականություն: Այս պայմաններում, Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորումը ոչ թե զանցանք է կամ վտանգ, այլ գոյության պայման:
ԵԱՏՄ-ին Հայաստանի «ամուսնացած» լինելու պատկերացումը իրականության աղավաղումն է: Հայաստանը չմտավ ԵԱՏՄ՝ երկարամյա ռազմավարական գնահատման ու հանրային քննարկումների արդյունքում, այլ ճնշման ներքո՝ առանց ժողովրդավարական գործընթացների, առանց իրական քաղաքական բանավեճի, առանց ազգային շահի խորը վերլուծության: Հայաստանը փաստացի կանգնեց մաքսային սահմանափակումների ու տնտեսական կախվածության առջև՝ առանց դրա դիմաց ստանալու անվտանգության իրական երաշխիքներ կամ տնտեսական շոշափելի օգուտներ: Որևէ պետություն, որը հարգում է սեփական ինքնիշխանությունը, իրավունք ունի վերանայելու իր արտաքին տնտեսական ու ռազմավարական կապերը, երբ դրանք չեն ծառայում իր զարգացմանն ու անվտանգությանը:
Հայաստանի ԱԺ ներկայացված օրինագիծը չի ենթադրում մերժում որևէ երկրի կամ միավորման, այլ առաջարկում է իրական քաղաքական հավասարակշռում, ինչը, հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած փորձը, պետք է դրվի ազգային անվտանգության հիմքում: Հայաստանը պետք է զարգացնի խորքային համագործակցություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային և տեխնոլոգիական ոլորտներում: Սա բխում է ոչ թե գաղափարական կողմնորոշումից, այլ պարզ գործնական հաշվարկից. Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը հնարավոր են միայն, եթե երկիրը դուրս գա մեկ կենտրոնից կախվածության տրամաբանությունից և դիվերսիֆիկացնի իր հնարավորություններն ու գործընկերային ցանցը:
Հայաստանին սպասվող մարտահրավերները գնալով ավելի են սաստկանալու, և միակ լուծումը դրանց կառավարելիության բարձրացումն է՝ արտաքին քաղաքականության հստակ ռազմավարության միջոցով: Իսկ այս ռազմավարության հիմքում պետք է լինի պետական շահը, ոչ թե զգացմունքային անալոգիաները կամ անցյալի քաղաքական սխալների արդարացումները: Հայաստանը կանգնած է որոշման առջև՝ ընդունել իր ինքնիշխանության լիարժեք պատասխանատվությունը, թե շարունակել գոյատևել որպես մեկ կենտրոնից կախված, անընդհատ զիջումների գնացող երկիր: Այս ընտրությունը պետք է արվի սառնասրտորեն, հաշվարկված և առանց ինքնախաբեության:
Հետևաբար, այս գործընթացը չպետք է նայվի որպես ինչ-որ մեկի «անբարոյական» մոտեցում կամ ոչ պատշաճ քայլ, այլ որպես պետության բնական իրավունքի իրացում:
Անընդունելի է Հայաստանի ապագան դիտարկել կախվածության կամ այլոց թույլտվության համատեքստում, երբ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի երբեմնի մերձավոր գործընկերները, իրենց շահերից ելնելով ազատորեն ձևավորում են իրենց քաղաքական ուղին: Հայաստանն էլ պետք է առաջնորդվի բացառապես սեփական ազգային շահերով, այլ ոչ թե անցյալի պարտադրանքներով կամ խեղաթյուրված պատկերացումներով»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան