Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Ֆլայ Արնան» սնանկ է ճանաչվել իր հիմնադիր Air Arabia-ի դուստր ընկերության պահանջով

75
Երեկ, 23:42
«Ֆլայ Արնան» սնանկ է ճանաչվել իր հիմնադիր Air Arabia-ի դուստր ընկերության պահանջով

Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է, գրում է «Հետք»-ը:

««Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49%), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով և պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող Air Arabia ավիաընկերության դուստր համարվող International Business Company (FZE)-ն (49%), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:

«Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունը Air Arabia-ն էր: Հայ-արաբական համատեղ ավիաընկերության անմիջական գործադիր ղեկավարը՝ գլխավոր գործադիր տնօրենը, Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր:

«Ֆլայ Արնայի» երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի (իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության) ու Air Arabia-ի միջև հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա:

Հիշեցնենք, որ 2024-ի մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու մասին, իսկ ապրիլին պարզել էին, որ Էնթոնի Փրայսը հեռացել է Հայաստանից: Շեշտենք՝ Air Arabia-ն ինքն է հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, ինչը հայկական կողմի համար անակնկալ է եղել: Ու չնայած ավիաընկերությունը մնացել էր առանց տնօրենի, արաբները չէին համաձայնել հայկական կողմի տարբերակին՝ նշանակել նոր տնօրեն՝ աշխատողների աշխատավարձերի հարցը լուծելու համար (վճարումներ կատարելու համար պետք էր ղեկավարի ստորագրությունը): Air Arabia-ի իրավաբանական բաժնի ղեկավարը «Ֆլայ Արնայի» ազատված աշխատակիցներին հայտնել էր, որ փոխադրողի անմիջական սեփականատերերը՝ արաբական International Business Company (FZE)-ն (Air Arabia-ի դուստրը) եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել էր, թե դա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:

Իրենց հերթին ավիաընկերության աշխատողները «Հետքի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ արաբներին ձեռնտու չէ լուծարման հանձնաժողովի միջոցով ընկերությունը փակելը, քանի որ պարտատերերի, այդ թվում՝ իրենց հանդեպ պարտավորությունները կատարելու համար ընկերության բաժնետերերը ստիպված կլինեն նոր ներդրումներ անել, ինչը, ըստ աշխատակիցների, Air Arabia-ն չէր ցանկանում:

Ու քանի դեռ երկու կողմերը համաձայնության չէին գալիս, թե ինչպես պետք է լուծարվի «Ֆլայ Արնան», ասպարեզ է եկել վերջինիս օդանավերի վարձատուն՝ պահանջելով իր փողերը: Իսկ իրականում այդ վարձատուն Air Arabia-ի դուստր ընկերությունն է, այլ կերպ ասած՝ «Ֆլայ Արնայի» սնանկացման «հեղինակը» Air Arabia-ն է:

Իռլանդական Impact Aviation Services Limited-ը հիմնադրվել է 2022-ին եւ 100 %-ով պատկանում է Air Arabia-ին: Ընկերությունը զբաղվում է լիզինգային պայմանագրերի կառավարմամբ:

2024-ի օգոստոսին իռլանդական ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն: Սակայն դատարանը դիմումը վերադարձրել է, քանի որ փաստաթղթերում թերություններ են եղել: Սեպտեմբերին Impact Aviation Services Limited-ը նորից է դիմել: Այս անգամ դատավոր Գարիկ Ավագյանը դիմումը վարույթ է ընդունել:

Վարույթ ընդունելու մասին որոշումն ու մնացած փաստաթղթերը դատարանն ուղարկել է պարտապանին՝ «Ֆլայ Արնային» (վերջինս գործում էր «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP շենքում), որպեսզի ընկերությունը սահմանված ժամկետում հնարավորություն ունենա վիճարկել սնանկությունը, սակայն փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից փաստաթղթերը հետ են վերադարձվել «չպահանջված» պատճառաբանությամբ, այսինքն՝ հնարավոր չի եղել դրանք հանձնել «Ֆլայ Արնային»:

Հաշվի առնելով, որ դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան, ու պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չի եղել՝ դատարանը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի, դրա տնօրենի, գույքի, ինչպես նաեւ հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ 2024-ի հոկտեմբերին հայտարարել է հետախուզում: Այստեղ երգիծանքն այն է, որ «Ֆլայ Արնայի» վերջին տնօրենը հենց Էնթոնի Փրայսն էր՝ Impact Aviation Services Limited-ի մայր ընկերության՝ Air Arabia-ի ներկայացուցիչը:

Անհաջող են եղել նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձերը՝ գտնել ավիաընկերության տնօրենին, գույքն ու հաշվապահական փաստաթղթերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Սնանկության դատարանը 2024 թ. դեկտեմբերին որոշել է վարույթը շարունակել պարզեցված ընթացակարգով: Եվ ահա 2025 թ. հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել:

«Ֆլայ Արնան» օդանավերի վարձատուին պարտք է մնացել 778 հազ. դոլար
Impact Aviation Services Limited-ը դատարանին հայտնել է, որ «Ֆլայ Արնայի» հետ 2022-ի սեպտեմբերին ու նոյեմբերին կնքել է օդանավերի ենթավարձակալության պայմանագրեր: Դրանց հիման վրա «Ֆլայ Արնան» ստացել է Airbus A320 տիպի 2 հատ ինքնաթիռ. մեկը՝ 2022-ի սեպտեմբերին, մյուսը՝ նույն տարվա դեկտեմբերին: Սրանցից առաջինը Հայաստանում գրանցվել է որպես EK-YRB, իսկ երկրորդը՝ EK-YRC: Պայմանագրերով EK-YRB-ի վարձակալության համար «Ֆլայ Արնան» ամեն ամսվա առաջին օրը վարձատուին պետք է վճարեր 150.000 դոլար, իսկ EK-YRC-ի համար՝ 170.000 դոլար:

Նկատենք, որ 2023-ի նոյեմբերի սկզբին, երբ «Ֆլայ Արնայի» գործերն արդեն վատ ընթացք էին ստացել, EK-YRC-ն Երեւանից տեղափոխվել էր Շարժա, որտեղ բազավորվում է Air Arabia-ն: Նույն ամսվա վերջում ինքնաթիռը դուրս էր բերվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, այսինքն՝ «Ֆլայ Արնան» այլեւս դրա վարձակալը չէր»,- գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: