Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Թրամփը Պուտին չէ, ընդամենը 4 տարի ժամանակ ունի, Պուտինն էլ Կաշչեյ Բեզսմերտնին չէ»․ Արամ Սարգսյան

103
Այսօր, 11:12
«Թրամփը Պուտին չէ, ընդամենը 4 տարի ժամանակ ունի, Պուտինն էլ Կաշչեյ Բեզսմերտնին չէ»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԺԱՄԱՆԱԿԸ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՌԵՍՈՒՐՍ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՏՆԵԼ։
Տեղացած առատ ձյունը, որ փրկեց մեր գյուղացուն, ու՝ փառք Տիրոջը, և շաբաթ-կիրակին պարտադրեցին տանը մնալ, հետևել տեղեկատվությանը, մտորել ու հոդված գրել։
Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ տեղի ունեցողը աշխարհի վերջը չէ։ Հովհաննեսի Ավետարանը ասում է, որ աշխարհի վերջը տեղի է ունենալու, երբ ողջ աշխարհի հրեաները վերադառնան Իսրայել և վերականգնեն Սողոմոնի, իսկ ավելի ճիշտ՝ Տիրոջ Տաճարը։
Երկրորդ՝ Թրամփը Պուտին չէ ու ընդամենը 4 տարի ժամանակ ունի, եթե չասեմ 2։
Երրորդ՝ Պուտինը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, սովորական մահկանացու է և Կաշչեյ Բեզսմերտնին չէ։
Այո, աշխարհում լուրջ և կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ինչպես վտանգներ, այնպես էլ հնարավորություններ կարող են ստեղծել։ Ակնհայտ է նաև, որ ձևավորված աշխարհակարգի ամբողջությամբ փոխելը երկար ժամանակ է պահանջելու, որի քաղաքական և կենսաբանական ժամանակը նշածս լիդեռները չունեն։ Փոքր երկրների խնդիրն էլ ժամանակն է, ճիշտ կողմնորոշվելը և արագ գործելը։ Հայաստանի Հանրապետության պարագայում կողմնորոշվելը բարդ չէ... ՌԴ-ն ամբողջությամբ իրեն նվիրված և հավատարիմ Սիրիան նվիրեց Թուրքիային: Այն դեպքում, որ Բաշար ալ Ասադը ոչ ժողովրդավար ու չփոխվող դիկտատորների ակումբի անդամ էր, Պուտինի սիրելին։ Մեզ, միանշանակ է, որ կզիջի, կմանրի՝ առանց աչք թարթելու։ ՌԴ-ն ՀՀ-ի ամբողջական կապիտուլյացիայի և ինքնիշխանության կլանման կողմնակից է և չի էլ թաքցնում։ Հետևաբար՝ ելքը ու լուծումը դեպի Արևմուտք գնալն է, կոնկրետ քաղաքական քայլերով և առաջարկություններով։ Մենք չպետք է մտնենք ԵՄ-ԱՄՆ հակադրությունների դաշտ, քանի որ երկուսն էլ մեր բարեկամն են և մենք քաղաքակրթական ու դավանաբանական նույն համակարգում ենք։ Մենք պետք է երկուսին էլ առանձին-առանձին, իրարից տարբերվող և չհակադրվող առաջարկներ անենք։ ԵՄ-ի հետ մենք պետք արագացնենք ինտեգրման տեմպերը՝ նկատի ունեմ ասոցացման համաձայնագիր, ՍԵՊԱ, ՍԵՊԱ+։ Ֆրանսիային պետք է առաջարկենք կառուցել հիդրոէլեկտրոկայան Արաքսի վրա, այն նույն կայանը, որ չկառուցվեց Սերժ Սարգսյանի ժամանակ։ Վստահաբար՝ Իրանը կողմ կլինի։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մենք պետք է առաջարկենք ֆրանսիական մասնավոր մաքսային ընկերության իրականացնել ՀՀ մուտքի մաքսային ստուգումները։ Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։ Միացյալ Թագավորությանը մենք կարող ենք առաջարկել նաև «Զվարթնոց» օդանավակայանը որպես տրանզիտ Մումբայ և Սիդնեյ ուղղությունների համար։ ԱՄՆ-ին, որ իր տեխնոլոգիաները կարողանում է աշխատեցնել բացառապես Չինաստանից ներմուծվող բազմամետաղների վրա, որի հետևանքով միջպետական պարտքը Չինաստանին 850 միլիարդ է, պետք է առաջարկել մեր մետաղական հանքավայրերը և որպես առաջին քայլ՝ Քաջարանի ձախ ափի լիցենզիան տրամադրել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ին պետք է տալ նաև ՀՀ ատոմային էներգետիկայի 60%-ը՝ մոդուլային ատոմակայանների տեսքով։ Թվարկածս միայն խոշոր առաջարկներն են, որոնք ինչպես տնտեսական, այնպես էլ շատ լուրջ անվտանգային խնդիրներ են լուծում։ Բացի Քաջարանի առաջարկից, որը վստահեցնում եմ, որ առանց ջանքերի և մեծ ուրախությամբ Թրամփի վարչակազմը կվերցնի, մնացած ուղղություններով հետևողական աշխատանք է անել պետք։ Յուրաքանչյուր առանձին ուղղությամբ հմուտ, լավ բանակցող, դռնից հանելու դեպքում՝ լուսամուտից մտնող կոնկրետ մարդիկ է նշանակել պետք։ Սրանք գերկարևոր ուղղություններ են, անկախ աշխարհում տիրող վիճակից, այս ոլորտների ուղղությամբ գումարներ ծախսել, բիզնես շահավետության մասնագիտացված ծրագրեր է պատվիրել պետք, իսկ ամենաէականը՝ շատ արագ է անել պետք։ Այն, ինչը թվարկեցի, ՀՀ ռեսուրսային ներուժի սահմանում է, մեր անելիքն է, յուրաքանչյուրիս անելիքը ու կապ չունի՝ Երևանո՞ւմ եք ապրում, Վաշինգթոնո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Բեյրութո՞ւմ, թե՞ Սիդնեյում, որովհետև հայրենիքը մեկն է։
Խաղաղություն աշխարհին և թող Աստված օրհնի հային ու Հայաստանը»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան