Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը

289
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 21:03
Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը

«Հետք»-ը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել:

Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես՝ «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը խիստ բարդ է եղել:

Google Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։

Հիշեցնենք, որ Հարություն Փամբուկյանը պատգամավոր էր ընտրվել դեռևս 1999-ին, 2006-ից նա սկսել է անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Պատգամավոր եղել է մինչ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները՝ մինչև 2012-ը։ Նա 2011թ-ից արդեն տեղափոխվել էր ՌԴ՝ մշտական բնակության։

Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն՝ Էդգար Փամբուկյանին:

Էդգար Փամբուկյանը Հայաստանում մի շարք բիզնեսներ ունի, բայց առավել հայտնի է նրա բենզալցակայանների «Max Oil» ցանցը: Էդգար Փամբուկյանը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ում 100% մասնակցություն ունի, իսկ ընկերությունը պետգնումներով բենզին է մատակարարում պետական կառույցներին:

Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից:

Կադաստրի կոմիտեից փորձեցինք տարբեր գրություններով հստակեցնել, թե այդ դուրս եկած հատվածն ինչ հիմունքներով է կառուցապատել և զբաղեցրել Փամբուկյանը, արդյոք ունի սեփականության կամ գրանցած այլ, օրինակ, վարձակալության իրավունք:

Նախ՝ Կադաստրի կոմիտեում նշված կադաստրային ծածկագրով գույք չհայտնաբերվեց, հետո, երբ բացատրեցինք, որ ծածկագիրն առկա է քարտեզում, հետևաբար, պետք է նաև դրա վերաբերյալ ինֆորմացիա լինի, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը պատասխանեց, որ կայքում փոփոխություններ են կատարվել, և այժմ քարտեզի ծածկագրով ևս հնարավոր է հարցում անել, վճարել և ստանալ տեղեկատվություն: Ինչը մենք արեցինք, վճարեցինք 5000 դրամ, որպեսզի այդ ծածկագրով տարածքի վերաբերյալ գրանցված որևէ իրավունքի մասին մեզ տեղեկություն տրամադրեն: Սակայն Կոմիտեից ստացանք տարօրինակ պատախան, որ «ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված ծածկագրով գրանցված/գույքագրված/ անշարժ գույք չի հայտնաբերվել:

Աջափնյակ վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից մեզ բացատրեցին, որ եթե նման գույք կամ որևէ իրավունք չի հայտնաբերվել, ապա այդ ծածկագրով գույքը կամ տարածքը համայնքային է, կարող է ճանապարհ լինել, սակայն նույնիսկ այդ պարագայում, եթե տվյալ տարածքը վարձակալած լինեին, պետք է օրինական գրանցված լիներ Կադաստրի կոմիտեում՝ որպես վարձակալության իրավունք: Եթե այդ ամենը չի արվել, պետք է չափագրում իրականացվի՝ պարզելու կառուցված շինության օրինականությունը:

ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողովը հուշարձանը «որակազրկել» է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գրավոր հարցրինք՝ ստուգե՞լ է, թե ինչ վիճակում է գտնվում նշված քարանձավային համալիրը։ Ե՞րբ, որքա՞ն մասն է յուրացրել համալիրի հարևանությամբ կառուցված տան սեփականատերը, արդյոք ունեցե՞լ է համապատասխան թույլտվություններ՝ պատմամշակութային հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելու համար, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել կառուցված տան սեփականատիրոջ նկատմամբ՝ հուշարձանի տարածքը յուրացնելու, լանդշաֆտը ձևափոխելու համար։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն, ըստ էության, չի պատասխանել մեր հարցերին, որոնք վերաբերում էին քարայրերի ողջ համալիրին: Փոխնախարարը կենտրոնացել է միայն «Քարայր-4»-ի վրա.

«ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են մշտաադիտարկման այցեր ՀՀ տարբեր մարզերի հուշարձաններ: 2024 թ․ քարայրի տարածքում իրականացրած հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարայրը չունի պատմամշակութային արժեք»:

Այս հիմքով ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողովի՝ 2024 թ․ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է այն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից (հաստատված ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ) հանելու նպատակով Կառավարություն առաջարկ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ քարայրի տարածքում կառուցապատում իրականացնելու և հուշարձանի տարածքը յուրացնելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է»,- հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը։ Փոխնախարարը թերևս չի պատկերացնում, որ ոչ թե հիմա է նման անհրաժեշտություն առաջացել, այլ Փամբուկյանների տան կառուցումից հետո: Պատասխանից կարելի է եզրակացնել, որ առնվազն վերջին 20 տարին հուշարձանի մշտադիտարկում չի իրականացվել, որի ժամանակ կարձանագրվեր, որ այն յուրացվել է նախկին պատգամավորի կողմից:

Համոզվելու համար, որ հուշարձանը երբևէ ուսումնասիրվել կամ մշտադիտարկվել է, նույն գրությամբ դիմեցինք հենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հայտնել է, որ քարայրի մշտադիտարկումն ու դրա իրավիճակի արձանագրումն իրականացվում է կիրճի հանդիպակաց հատվածից, ակնադիտական զննությամբ՝ մոտեցման ճանապարհի բացակայությամբ պայմանավորված (դրոնի, հեռվից դիտարկման այլ սարքերի օգտագործմամբ):

«Հաշվի առնելով, որ քարայրը չի ունեցել պահպանական գոտի, հնարավոր չէր պարզել օգտագործվող տարածքի և քարայրի զբաղեցրած հողամասի համադրման հանգամանքը: Քարայրի ակնադիտական ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն արձանագրվել, հետևաբար դրանից բխող գործողություններ չեն իրականացվել»,- հայտնել է Արմեն Հովհաննիսյանը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Խաչիկ Հարությունյանին խնդրեցինք տրամադրել Աջափնյակի 4 քարայրերի անձնագիրը/վկայագիրը, եթե քարայրերից յուրաքանչյուրն առանձին է անձնագրավորված, ապա յուրաքանչյուրի անձնագիրն ու քարտեզը՝ առանձին-առանձին։

Տնօրենը հայտնել է, որ գիտահետազոտական կենտրոնի գիտատեղեկատու արխիվում առկա չեն Աջափնյակի 4 քարայրերի վկայագրերը: Սակայն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրենց կենտրոնի հուշարձանների համահավաքում կազմվել են հոդվածներ՝ այդ քարայրերի մասին, որոնք տրամադրվեցին մեզ:

Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը
Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը

Ըստ այդմ, 1975 թվականին քարայրերը հետազոտել է ՀԱԻ քարայրեր ուսումնասիրող արշավախումբը: Դրանք Հրազդանի կիրճի ամենախորը հատվածում են՝ գետի աջ ափին, Կիևյան և Դավթաշենի կամուրջների միջև: Ձորաբերանին Ֆիզիկայի ինստիտուտի շենքերն ու փորձակայաններն են, դիմացը՝ կիրճի ձախ կողմում՝ Նոր Արաբկիր թաղամասը: Բաղկացած է 3 ոչ մեծ չափերի բնական, կիսաշրջանաձև հատակագծով «Աջափնյակ-1», «Աջափնյակ-2», «Աջափնյակ-4» խորշերից և մեկ ժայռածածկից՝ «Աջափնյակ-3», որոնք առաջացել են կիրճի՝ գրեթե ուղղաձիգ կտրվածքի, տարբեր տարիքի ու որակի բազալտե ժայռերի հողմահարության հետևանքով: Հատակները գետնից բարձր են 50-80 մ, ծովի մակերևույթից՝ 1100 մ:

Հնագիտական գտածոները թվագրվում են ուշ բրոնզի դարով: Կան քարե իրեր և ոսկորների մնացորդներ՝ ուշ միջնադարյան խեցեղենի նմուշների հետ խառը: Համալիրը դժվարամատչելի ծերպերում է, եղել է ապահով ապաստարան՝ սկսած ուշ բրոնզի դարից:

Հուշարձանների համահավաքում նաև առանձին քարայրերի մասին են տեղեկություններ հավաքագրվել: Այստեղից պարզվում է, որ «Աջափնյակի-4»-ի պահպանվածությունը բավարար է:

Քարայր
Քարայր
Քարայր
Քարայր

Ի դեպ, «Աջափնյակի-4»-ն է հենց Փամբուկյանների հանգստի տաղավարի ներքևում»: