«Համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին». Արտակ Զաքարյան
304
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 21:18
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ: Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։ Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։ Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը. Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին: ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։ Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ: Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը: Այն է՝ եթե կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն։ Այսինքն՝ եթե ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ: Իսկ եթե Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին: Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։ Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կայանա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի: Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում: Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել համաձայնության։ ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը: ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն»: