««Սերժը բերեց Նիկոլին» ասողները 2018-ին փողոցում Նիկոլ էին բերում»․ Արմեն Հովասափյան
140
Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 15:36
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրեթե կասկած չունեմ, որ ասելիքս, որին հիմա կանդրադառնամ բավական զգայուն է և չի բացառվում, որ շատերը կփորձեն հակադրվել ու տարբեր «փաստական» պնդումներ ներկայացնել, կփորձեն «երկաթյա» արգումենտներով ու օրինակներով հաստատել իրենց մոտեցումները, սակայն «գետնի վրա» պատկերն այն է, ինչն ապացուցվում է իրադարձություններով։ Դեռևս 2018-ին տարբեր շրջանակների կողմից տիրաժավորվում էր այն թեզը, որ «Նիկոլին իշխանության է բերել Սերժ Սարգսյանը»։ Այս թեզը նրանք «ապացուցում» էին այն պրիմիտիվ պնդումներով, թե Սարգսյանը դա արել է, որպեսզի Նիկոլի ձեռամբ կարգավորի Արցախի հիմնահարցը, կամ, ինչպես հնչում էր՝ «հանձնի հողերը»։ Այս թեզն ավելի լայն տիրաժավորում ստացավ 2020-ից հետո, երբ արդեն մասսայաբար հնչում էր, թե՝ «տեսա՞ք, որ ճիշտ էինք»։ Այսօր այս թեզերը հենց իշխանություններն են հատուկ հորջորջում, որպեսզի իրավիճակն ավելի թեժանա և Սերժ Սարգսյանի անձն էլ ավելի դեմոնիզացվի հանրության շրջանում։ Ասեմ ավելին, իրենց նայիվ «քաղաքագիտական մետամորֆոզները» հաստատելու համար տևական ժամանակ բերվում են հազար անգամ ասված, հազար անգամ փաստերով հերքված հիմարաբանություններ։ Ունենք մի իրողություն, երբ, որպես կանոն, «Սերժը բերեց Նիկոլին» ասողները, 2018-ին փողոցում Նիկոլ էին բերում ու իրենց բոլոր հրապարակային ելույթներում, կուրծք ծեծելով, «հիմնավորում էին», թե ինչո՞ւ պիտի մերժել Սերժին ու բերել Նիկոլին։ Ի դեպ՝ տեսնում ենք, որ վերջին տասնօրյակում իշխանությունները հենց իրենք են գիտակցված ասվածի հետ կապված տարբեր խայծեր գցում տեղեկատվական տիրույթ, որպեսզի իրական օրակարգից շեղումներ լինեն, և այդ խայծերը գիտակցաբար կամ էմոցիայի տակ սկսում են բացվել ու տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսանալ։ Ավելին, կան ընդդիմադիր որոշ շրջանակներ (չնայած դրանց ընդդիմադիր ասելը խիստ վերապահումներով է), որոնք կուլ են տալիս իշխանական տիրույթից եկող այդ խայծը։ Հատկանշական է, որ այդ շրջանակաները ոչ միայն ուտում են այդ «կուտը», այլ ինքնամոռաց ու ամպագորգոռ ֆեյք պնդումներ տիրաժավորում և փորձում հանրային կարծիք ձևավորել, թե դա բացարձակ ճշմարտություն է։ Մասնավորապես, վերջին քառօրյայի ժամանակ Ալենն իր խոսքում, մի քիչ հեգնական ինտոնացիայով, հայտարարեց, թե՝ «ինչի ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանն է փոխանցել մեզ իշխանությունը», իսկ արդեն հարցուպատասխանի ժամանակ թեման շարունակեց Նիկոլը, հետո մանիպուլացրեց, որ «ես իշխանությունը վերցրել եմ Կարեն Կարապետյանից, ինձ ժողովուրդն է իշխանություն տվել»։ Այս ամենն իհարկե ծխածածկույթ է, քանի որ այս թեզը հատուկ ներդրվում է իշխանության տարբեր կերպարների կողմից, որպեսզի ընդդիմադիր սեգմենտում հերթական ճեղքն առաջացնեն, և որոշ պղտոր ջրում ձուկ որասցողներ էլ այս առիթով ոգևորվեն։ Մի քանի անդրադարձ անեմ «Նիկոլին բերելու դրվագին» և տեսեք, թե ո՞վ բերեց։ Նախ, երբ մայիսի 1-ին Նիկոլն առաջադրվում է վարչապետի թեկնածու, նրա թեկնածությունը խորհրդարանում չի անցնում, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկում՝ հազարավոր փաստերով ներկայացնելով դրա անհնարինությունները (Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արման Սաղաթելյանի, Կորյուն Նահապետյանի ելույթները դրանց ցցուն օրինակներն էին)։ Եկեք գնանք փաստերով․ եթե Սերժ Սարգսյանը Նիկոլին «բերում էր» իշխանության, ապա շատ ավելի հանգիստ կարող էր իշխանությունը հաձնել ում ցանկանար, ասենք Վիգեն Սարգսյանին, կամ որևէ այլ ՀՀԿ-ականի և առանց որևէ ձևականության կատարեր հանգիստ իշխանության հանձնում։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «հա՛մ նալն էր իր ձեռքին, հա՛մ մուրճը», ի՞նչն էր խանգարում այն իրականցնել։ Այդ պարագայում սարգսյանական իշխանությունը փաստացի կշարունակվեր։ Երկրորդ, չմոռանանք, որ 2018-ին Սարգսյանի կառավարման ժամկետը լրացել էր և նա կարող էր հանգիստ թողներ ամեն ինչ և գնար տուն՝ ինչ լինելու էր, թող լիներ։ Եվ, եթե նրա օրակարգում «հողերը հանձնելու» հարցն էր, ամենպատեհ առիթն էր, իրեն այդ ամենից հեռու պահելու համար։ Երրորդ, Սարգսյանն իշխանությունը հանձնում է Կարապետյանին, իսկ ՀՀԿ-ն մինչև մայիսի 8-ը դիմադրում է, սակայն ընդդիմադիր դաշտից ոչ մի ձայն։ Հավելեմ, որ դեռևս ապրիլի 26-ին Նիկոլը Հանրապետության հրապարակում հայտարարում էր, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» վտանգավոր թեզը։ Շատերն այդ ժամանակ չէին հասկանում, թե սա ինչ լրջագույն մեսիջ է, ինչպիսի՞ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, և ո՞ւր կտանի երկիրը։ Ակնհայտ էր դառնում, որ Նիկոլը, հանուն իշխանության, ոչնչի, այդ թվում արյուն թափելու առաջ կանգ չէր առնի։ Սրան հաջորդում է մինչև մայիսի 8-ը՝ այսինքն ընտրության երկրորդ փուլն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում մի շարք հանդիպումներից հետո ՀՀԿ-ն հայտարարում է, որ ոչ միայն թեկնածու չի նշանակում, այլ պատրաստ է ապահովել ընդդիմության կողմից ցանկացած թեկնածույի ընտրությունը, սակայն ընդդիմադիր և ոչ մի գործիչ կամ վախեցավ կամ չուզեց «անցավ գլուխը ցավի տակ դնել» կամ, ուղղակի, «դրսից» նման ցուցում էին տվել՝ չխառնվել ոչ մի գործընթացի։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ էր մնում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին․ թողնե՞լ երկիրն առանց կառավարման, առանց պետության ղեկավարի՞ (նշենք, որ թեկուզ առանց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն մինչև հոկտեմբերի 2-ը փորձում էր որպես հակակշիռ մնալ Նիկոլին, որին, սակայն, նույն «կացնային» քաղաքականության միջոցով ուղղակի դուրս թողեցին խաղից)։ Նման անհոդաբաշխ պնդումներ անողները պատկերացնո՞ւմ են, թե ինչ կլիներ, եթե, ասենք, Սարգսյանն ուժ կիրառեր փողոցի դեմ և երկիրը տաներ անկայունության: Միանգամից տիրելու էր անկառավարելի քաոս, քաղաքացիական պատերազմ, փողոցային մարտեր, իսկ այդ դեպքում ի՞նչ կաներ Ադրբեջանը, որի ողջ զինուժն արդեն կազմ ու պատրաստ մոտեցել էին ՀՀ սահմաններին: Այլ կերպ ասած, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը «պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ ավելի մեծ ուժերին», հավատացեք, այդ տողատակում բավական խորը գնացող արմատաներ կան, որոնք թերևս կպարզվեն ՀՀ նոր իշխանության ժամանակ։ Ի դեպ՝ այդ ժամանակ պարզ կդառնա նաև, թե ինչ գումարներ են ծախսվել այդ հայտնի շրջանակների կողմից իշխանությունը տապալելու համար, քանի որ վերջերս պարզ դարձավ, որ Վրաստանում ձախողված փորձի համար ծախսվել է 40 մլն դոլար։ Իսկ ինչքա՞ն կլինի ծախսված հաջողված փորձի համար՝ դատեք ինքներդ»: