Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«Քֆուր տվողների բազմություն է սոցցանցերում, որևէ մեկի նկատմամբ նմանատիպ գործ հարուցված չէ»․ Նարեկ Սամսոնյան

106
Այսօր, 19:54
«Քֆուր տվողների բազմություն է սոցցանցերում, որևէ մեկի նկատմամբ նմանատիպ գործ հարուցված չէ»․ Նարեկ Սամսոնյան

«Մենք մարդիկ ենք, որոնք ոչ թե իրենց ուսադիրներն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, այլ մարդիկ ենք, որոնք ամեն ինչը ռիսկի տակ դնելով՝ փորձում են պայքարել այս հանցավոր, խայտառակ ապօրինի գործողություններ անող ու հող հանձնող իշխանությունների դեմ։ Մենք լավ հասկացել ենք՝ ինչ ենք անում»,- այս մասին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Սամսոնյանը։

«Երբ որ պետական պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, որի խոսքը լսելի է շատ լայն լսարանում, հեռարձակվում է շատ ալիքներով, հայհոյում է, և դա թույլատրելի է, թքում է մարդու վրա, և դա խուլիգանություն չէ, ապա քաղաքական գնահատական տալը՝ սուր, երբեմն ցնցող, ոչ միայն թույլատրելի է, այլ նաև, իմ կարծիքով՝ պարտադիր է, քանի որ մենք ծայրահեղ ընդդիմադիր մարդիկ ենք, և դա ցույց ենք տվել բզմիցս։

Այսօր Հայաստանում քֆուր տվողների բազմություն է տարբեր սոցիալական հարթակներում, Յութուբում էլ, շատ-շատ մարդիկ են, որևէ մեկի նկատմամբ նմանատիպ գործ հարուցված չէ, իսկ մեր քաղաքական քննադատության համար մեր նկատմամբ հարուցված է»,- ընդգծեց Սամսոնյանը։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։

Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին, այնուհետև ազատ արձակվել՝ վարչական հսկողությամբ․ պայմանը՝ հրապարակավ չհայհոյել ու անպարկեշտ արտահայտություններ թույլ չտալ, ինչպես նաև եթեր դուրս չգալ «Իմնեմնիմի» փոդքասթով»։

«Քֆուր տվողների բազմություն է սոցցանցերում, որևէ մեկի նկատմամբ նմանատիպ գործ հարուցված չէ»․ Նարեկ Սամսոնյան