Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Հրապարակեք փաստաթղթերը». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` Մեղրիի տարբերակի մասին

68
Այսօր, 18:36
«Հրապարակեք փաստաթղթերը». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` Մեղրիի տարբերակի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր մեկնաբանություն է հնչեցրել «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժի վերաբերյալ։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ, որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց, բերվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։
Փոխարենը նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ուշադրություն է հրավիրել մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Եթե 1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։
Նա ընդգծել է՝ այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Ըստ Միկոյանի՝ այդ ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»,- հայտնել է Միկոյանը։

Քոչարյանի ներկայացուցիչը նաև առաջարկել է հրապարակել հակամարտության կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված բոլոր պաշտոնական պատասխանները։

Թեմայի վերաբերյալ սոցկայքի իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մասնավորապես նշելով, որ «Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց։
Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն։
Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով։
Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի 20կմ միջանցքով հանդերձ։
Չնայած նախնական համաձայնության՝ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից»։