Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ինձ հետ առանձնազրուցում Սամվել Բաբայանը չարիք էր անվանում Նիկոլ Փաշինյանին». Նաիրի Հոխիկյան

87
Երեկ, 20:00
«Ինձ հետ առանձնազրուցում Սամվել Բաբայանը չարիք էր անվանում Նիկոլ Փաշինյանին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ հանդիպելու և դեմ առ դեմ խոսակցություն ունենալու իմ առաջարկին ընդառաջ քայլ արեց Բաբայանը, և մենք հանդիպեցինք 2024-ի դեկտեմբերի 25-ին։
Դուք գիտեք, որ դեռևս 2022-23 թվականներին ես մի քանի հրապարակային խոսքով իմ անհամաձայնությունն եմ հայտնել Սամվել Բաբայանի քաղաքական գործունեության և հնչեցրած հայտարարությունների առումով՝ համարելով, որ թեպետ նա լավ զինվորական է, բայց քաղաքական առումով վտանգավոր քայլեր է անում Արցախի գոյության համար։
Մեր դեմ առ դեմ հանդիպմանը․
*Բաբայանը մանրամասներ պատմեց 2023-ի Արցախի շրջափակման ժամանակ Ադրբեջանի պետական մարմինների հետ իր բանակցությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ եթե Արցախցիներն իրեն աջակցեին, հնարավոր կլիներ հասնել հաջողության և պահպանել Արցախի հայկականությունը։ Նա դա բացատրում էր Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչների տված խոստումներով։
Ես ասացի, որ Ադրբեջանի տված որևէ խոստում չի կարող վստահելի լինել։
*Բաբայանն ասում էր, որ ինքը կարող էր ապահովել Արցախի փաստացի ինքնուրույնությունն Ադրբեջանից ու Հայաստանից՝ երկու կողմերում ունենալով սահմանային անցակետեր։ Արցախցիները, ըստ Բաբայանի, իրավունք էին ստանալու ունենալ երկու անձնագիր՝ հայկական և ադրբեջանական, բայց Ադրբեջանը պարտադիր է համարել պետական պաշտոնների համար ադրբեջանական անձնագրերը։
*Սամվել Բաբայանը ժխտում էր, որ ինքը համագործակցել կամ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Բաբայանը չարիք էր անվանում Փաշինյանին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի և Գագիկ Մելքոնյանի հետ իր ջերմ նկարները նա բացատրում էր պատահական հանդիպման արդյունք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած 9 հանդիպումները, նրա խոսքով, եղել են անարդյունք, հետևաբար ինքը հրաժարվել է ՀՀ իշխանության հետ որևէ տեսակի շփումից։
*Սամվել Բաբայանը այժմ մեծ վտանգ չի տեսնում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ հարձակման՝ թշնամու զինվելը համարելով ավելի շուտ Իրանի նկատմամբ ագրեսիայի նպատակ։
*Ես համաձայն չէի։
*Սամվել Բաբայանը պնդում էր, որ 1994-ին Արցախի հաղթանակը եղել է հիմնականում իր շնորհիվ, հետևաբար ինքը բոլորից լավ է ճանաչում Արցախն ու արցախցիներին։
*Սամվել Բաբայանի հետ աշխարհաքաղաքական ու ռազմական այլ հարցեր ևս քննարկեցինք, որոնց մանրամասները չեմ կարող հայտնել՝ ըստ մեր պայմանավորվածության։ Ընդհանուր առմամբ՝ չնայած մեր տարաձայնություններին, զրույցն անցավ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
*Սամվել Բաբայանին ես հարցրի՝ արդյո՞ք ինքը հովանավորում է այն մարդկանց, որոնք ներկայանում են իր անունից և ագրեսիվ ու ատելություն սերմանող վարքագիծ ցուցաբերում։ Որպես փաստ՝ Բաբայանին տվեցի մի քանի անուններ, որոնք գոնե ինձ հետ շփվելիս ներկայացել են որպես Սամվել Բաբայանի կողքի մարդիկ ու սադրանք հրահրել։
Մասնավորապես՝
1. 2022-ին Արցախից ոմն փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյան Վանք գյուղում ինձ հրավիրում է հյուրասիրության, սեղանի շուրջ մի քանի անգամ իմ կենացը խմում, ապա մի քանի օր անց իմ հասցեին վիրավորական ու ատելություն պարունակող հրապարակային խոսքեր հնչեցնում Սամվել Բաբայանին քննադատելու համար։ *Հարցրի Սամվել Բաբայանին՝ նա տե՞ր է հացն ուրացող նման մարդու։ Ասաց, որ լրջորեն կխոսի այդ մարդու հետ այդ վարքագծի համար։
2. Ոմն Յուրի Մուսայելյան 2024-ի աշնանը զանգում է ինձ և ասում, որ ինքը Սամվել Բաբայանի մտերիմն է։ Հարցեր է տալիս ներքաղաքական իրավիճակի մասին, լսում իմ կարծիքը, ապա ֆեյսբուքում հայտարարում, թե ինքը գաղտնի ձայնագրել է ինձ և իբր փորձում է վախեցնել, թե կհրապարակի։ Պահանջում եմ հրապարակել։ Հարցրի Սամվել Բաբայանին՝ նա տե՞ր է գաղտնի ձայնագրող ու սադրանքներ հրահրող նման մարդու։ Ասաց, որ չի ճանաչում այդ մարդուն և երբևէ նրան չի տեսել։
3. Ոմն Բաբայան Դավիթ (չշփոթել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ), որը ներկայանում է որպես Արցախի վիրավորների միություն ՀԿ-ի ղեկավար և Սամվել Բաբայանի մտերիմ, 2023-ի ամռանը ինձ գրում է՝ մեղադրելով Բաբայանի դեմ իբր թե պատվերներ կատարելու համար։ Ես կոշտ եմ պատասխանում այդպիսի մեղադրանքին՝ կոնկրետ ձևակերպում տալով ինչպես պատվեր կատարողներին, այնպես էլ անտեղի մեղադրողներին։ Դրան հետևում է տվյալ անձի կողմից Սամվել Բաբայանի անունից հայհոյանքը իմ ընտանիքի անդամների, իմ գերդաստանի հասցեին։ Արցախի բռնի հայաթափումից հետո Բաբայան Դավո անունով այդ պիղծ մարդուն խղճալով, որոշել էի մոռանալ նրան, բայց վերջերս էլի հրապարակային հայհոյանք ու վիրավորանք է հնչեցրել իմ ընտանիքի հասցեին։ Հարցրի Սամվել Բաբայանին՝ նա ի՞նչ կաներ այդպիսի պիղծ մարդուն, եթե իր նկատմամբ անեին նույնը և ինքը տե՞ր է արդյոք բարոյական որևէ նորմ չհարգող, քաղաքականությունը ընտանիքի հետ խառնող, սրբապիղծ նման մարդու։ Ասաց, որ չի ճանաչում այդ մարդուն և լսել է, որ Բաբայան Դավո անունով այդ մարդը հաճախ է իր անունից նման պիղծ բաներ անում, բայց ինքը կապ չունի։ Ինքը չի կարող տեր կանգնել նման արարքների և ինձ առաջարկեց վարվել այնպես, ինչպես ես եմ կամենում»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան