Լևոն Զուրաբյանը ներկայացրել է 1997 թվականի «Փուլային կարգավորման» փաստաթղթի որոշ կետեր
77
Երեկ, 17:24
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաև Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։ Սրանք այնքան անգրագետ են դիվանագիտության մեջ և այնքան անպարկեշտ՝ Նիկոլին իր կործանարար որոշումների պատասխանատվությունից մաքրելու անպատվաբեր գործում, որ որպես նման ակնհայտ ստի ապացուց բերում են 1997 թվականի Փուլային տարբերակին համաձայնություն հայտնելու Հեյդար Ալիևի ձևակերպումը, որը և տեղադրված է ամերիկյան զեկույցներում։ Սրանց մտքով անգամ չի անցնի (իսկ եթե անցնում է, նշանակում է, որ չարամտորեն են մոլորեցնում մեր հանրությանը), որ կարևորը ոչ թե կարգավորման պլանի ձևակերպումն է Ալիևի կողմից, որով նա շարադրել է նաև ապագայի հետ կապված իր ցանկությունները, այլ Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված և Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունն ստացած կարգավորման պլանի բուն տեքստը։ Իսկ 1997 թվականի Փուլային կարգավորման տեքստում զորքերի դուրսբերման մասին ասված է միայն հետևյալը (կետ II.B). 1. «Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն՝ հետևյալ կերպ. (1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս: (2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի: (3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին՝ ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից»: Ինչպես տեսնում ենք, հայկական զորքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ֊ի տարածքում (ինչը ներառում է Շուշին), այլ նաև ամբողջ Լաչինի շրջանում։ 2. Իսկ ինչ վերաբերում էր չհամաձայնեցված հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումյանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի և Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք հետաձգվում էին անորոշ ապագայով և պետք է լուծվեին Հաաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հետագա բանակցություններով մի վիճակում, երբ արդեն հաստատվել են ԵԱՀԿ բաժանարար բազմազգ ուժերը և դադարեցված է ռազմական հակամարտությունը։ Ահա ինչպես էր դա ձևակերպված կարգավորման պլանում (կետ XI). «Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում՝ քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»: Ինչպես տեսնում ենք, կարգավորման պլանում Շուշիից և Լաչինից հայկական զորամիավորումների դուրսբերման և այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի ցանկություններն անգամ ձևակերված չեն, և այդ ամենի մասին խոսվում է ընդամենը, որպես «Շուշիի և Լաչինի հետ կապված խնդիրներ»։ Նիկոլի պրոպագանդիստները չգիտես ինչու լռում են, որ չլուծված հարցերի այդ ընդհանուր փաթեթի մեջ ընդգրկված էր նաև Շահումյանի շրջանի հարցը։ Իսկ դիվանագիտությունից մի քիչ հասկացողները կհասկանային նաև, որ այդ ձևակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաև Շահումյանը Շուշիի և Լաչինի հետ փոխանակումը։ Ստախոսներից ներողություն չեմ ընկալում, որովհետև սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտությունը»: