Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Օրումեջ աշխատող քաղաքացիների համար ուղետոմսերի սակագների տարբերակներ են մշակվում»․ Սուրեն Գրիգորյան

59
Այսօր, 00:00
«Օրումեջ աշխատող քաղաքացիների համար ուղետոմսերի սակագների տարբերակներ են մշակվում»․ Սուրեն Գրիգորյան

Երևանի հանրային տրանսպորտի ուղետոմսերի սակագների փաթեթներում որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվեն որոշ առաջարկներ։

«Շատ առաջարկներ են հնչել, օրինակ, որ թոշակառուներին տրվող զեղչը կապված չլինի նրանց՝ Երևան քաղաքում հաշվառված լինելու հետ, այդ հարցը կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, այդ մասին որոշում կընդունվի։

Անապահովության նպաստառուների վերաբերյալ նույնպես քննադատություն է հնչել, որ Երևանում հաշվառված լինելու պահանջը հանվի․ այս հարցը նույնպես քննարկվելու է։ Նաև 4 և ավելի երեխա ունեցողների համար նախատեսված է, որ չորսն էլ անչափահաս պետք է լինեն, որպեսզի արտոնություն տրվի, երեխաների անչափահաս լինելու պահանջը նույնպես կքննարկվի, որպեսզի վերացվի»,- նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ որոշակի տարբերակ է մշակվելու նաև օրումեջ աշխատող քաղաքացիների համար։

Ինչ վերաբերում է ուսանողներին, Գրիգորյանը նշեց, որ նրանց՝ Երևանում հաշվառված լինելու պահանջ չի եղել, արտոնությունը տրվում է Երևանի բուհում կամ դպրոցում սովորողներին։

«Եվ ինչպես քաղաքապետը հայտնել է՝ մեկօրյա և մեկշաբաթյա փաթեթների սակագները փոխվելու են՝ 10 –անգամյա օգտագործման ուղետոմսի սակագինը 2200-ից կդառնա 2000 դրամ, օգտագործման ժամկետը՝ 30 օրվա փոխարեն կդառնա 45 օր»,- ասաց Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հարցազրույցը՝ հանրային տրանսպորտի ուղետոմսերի սակագների փաթեթներում նախատեսվող փոփոխություններ ի վերաբերյալ