Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Պետության ձեռքերը երկար են, ամենուր գտնելու է յուրաքանչյուրիս և պահանջելու է մուծվել»․ Արմինե Օհանյան

74
Երեկ, 23:42
«Պետության ձեռքերը երկար են, ամենուր գտնելու է յուրաքանչյուրիս և պահանջելու է մուծվել»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկամուտների հայտարարագրման և թանկացումների թեման վերաբերում է յուրաքանչյուրին: Սա այն դեպքն է, որ ինչքան էլ մեկուսացած կյանք վարես, չհետևես երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ապաքաղաքական ու զգուշավոր լինես՝ չես պլստա՝ պետության ձեռքերը երկար են, նա ամենուր գտնելու է քեզ և պահանջելու է մուծվել ու հաշվետու լինել: Ձևափոխելով հայտնի ասույթը՝ եթե դու չես զբաղվում քո երկրում վարվող տնտեսական ու հարկային քաղաքականությամբ, այդ քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Այն բոլոր մարդիկ, որ ասում էին՝ Արցախի հարցը թող արցախցիները լուծեն, բանակով՝ գեներալները զբաղվեն, արտաքին քաղաքական խնդիրներով՝ դիվանագետներն ու քաղաքական գործիչները, դատական համակարգի նկատմամբ ճնշումները դատավորների գործն է, քաղաքական-քրեական հետապնդումները՝ ընդդիմության, խոսքի ազատության սահմանափակումները՝ լրագրողների, իսկ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»... ես կարող եմ իմ խանութն աշխատեցնել, իմ հիվանդին բուժել, իմ տաքսին վարել, իմ աշակերտին դաս տալ, իմ գիրքը գրել... ու աջ քաշած՝ ապրել, հիմա չի ստացվելու: Սա թեև նույն՝ բանակի ու Արցախի, արտաքին հարաբերությունների, արդարադատության ու կադրերի, այսինքն՝ իշխանությունների վարած քաղաքականության անմիջական շարունակությունն է, սակայն հանրության մեկ կամ մի քանի կոնկրետ խմբի չի վերաբերում, այլ բոլորին՝ անգամ բանակում ծառայող ու բանտում նստած հարազատ չունեցողներին, Արցախից հոգնածներին, արտաքին քաղաքականության հանդեպ անտարբերներին, ընդդիմությանը, կուսակցություններին, արցախցիներին, սրբազանին ատողներին, Նիկոլին ու ՔՊ-ին պաշտողներին: Թվում է՝ ընտրություններից 1 տարի առաջ այս պոպուլիստ իշխանությունը չպետք է գնար նման ոչ պոպուլիստական քայլի՝ գիտակցելով հետևանքները, բայց սրանք ոչ մի հարցում հետևողական չեն, անգամ՝ պոպուլիզմի հարցում»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան