Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Ուկրաինայի հարցում Թրամփի տարերային հայտարարությունները վկայում են բարդությունը, որում նա հայտնվել է»․ Հակոբ Բադալյան

90
Երեկ, 19:24
«Ուկրաինայի հարցում Թրամփի տարերային հայտարարությունները վկայում են բարդությունը, որում նա հայտնվել է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտոնամուտից հետո անցնող երեք-չորս օրերի ընթացքում աչքի է ընկնում իր նախընտրական «մեխերից» մեկի՝ Ուկրաինայի հարցում կրակի դադարեցման հասնելու վերաբերյալ բավականին տարերային հայտարարություններով:

Դրանք վկայում են բարդությունը, որում հայտնվել է Թրամփը: Նա, օրինակ, հայտարարում է, որ նավթի գինը կգցի և դրանով Պուտինին կստիպի զիջել: Թվում է, թե դա այսպես ասած աշխատող մեխանիկա է, հաշվի առնելով այն, որ նավթի գինը Ռուսաստանի ֆինանսատնտեսական, հետևաբար նաև ռազմական կարողությունների էական գործոններից մեկն է: Ի վերջո, կա սառըպետարզմյան փորձը, երբ նավթի էական գնանկումը դարձավ ԽՍՀՄ տնտեսական լուրջ խնդիրների պատճառ, թեև, իհարկե, միամիտ կլինի միայն դա համարել ԽՍՀՄ փլուզման պատճառ:

Սակայն, անգամ այդ դրվագով համեմատությունը թերևս կկաղի, հաշվի առնելով այն, որ այսօր ի վերջո բոլորովին այլ տնտեսա-քաղաքական կառուցվածք և հարաբերությունների մեխանիկա է թե՛ Ռուսաստանի ներսում, թե՛ արտաքին աշխարհի հետ ՌԴ հարաբերություններում:

Այսօր բոլորովին այլ ուժերի հարաբերակցության դիրքում են նաև ՕՊԵԿ երկրները, մասնավորապես արաբական մոնարխիաները: Դեռ մեծ հարց է, թե նրանք որքանով են շահագրգռված նավթի գնանկմամբ, և որքան մեծ է նրանց հանդեպ ԱՄՆ ազդեցությունն այսօր, ի տարբերություն 30-40 տարի առաջվա:

Այդ մոնարխիաները այսօր ունեն համաշխարհային մասշտաբի խաղացողի հավակնություններ, ունեն կապեր Չինաստանի, պայմանավորվածություններ նույն Ռուսաստանի հետ:

Թրամփը անկասկած ամենից լավ է պատկերացնում այդտեղ պատկերի բազմաշերտությունը: Բայց, նա չունի նաև այլ ելք, նա ամեն անցնող օրվա հետ պետք է որևէ բացատրություն տա ամերիկյան հանրությանն ու նաև միջազգային կյանքի մասնակիցներին, թե ինչո՞ւ չի կարողանում կանգնեցնել պատերազմը 24 ժամում:

Թվում է, թե բան է՝ ասել է, առաջին ու վերջին գործիչը չէ, որ ասում է նախընտրական մի բան, իսկ անում այլ բան՝ չկարողանալու կամ չուզելու հետևանքով:

Բայց, ամբողջ հարցն էլ այն է, որ՝ ոչ միայն վերջին գործիչը չէ, այլ հենց առաջինն է: Եվ դա զուտ պատմական հերթականության հարց չէ: Նա առաջինն է, որպես առաջին տերության նախագահ: Իսկ առաջին տերության նախագահը չի կարող հենց այնպես բառեր շռայլել հարցերի վերաբերյալ, որոնք ունեն համաշխարհային հնչեղություն:

Այնպես որ, 24 ժամը միշտ «ճնշելու» է Թրամփին: Եվ դրանից օգտվելու են թե՛ Պուտինը, թե՛ ի Ցզինպինը, պատկերացնելով, որ ամեն անցնող հաջորդ ժամ առնվազն հոգեբանական մակարդակում աշխատելու է Թրամփի դեմ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան