«Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի՞ արցախահայության խնդիրները». Հակոբ Բադալյան
74
Այսօր, 14:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին անդրադարձա Կրոնական ազատությունների ալյանսի թեմային՝ փետրվարի սկզբին ալյանսի հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի առիթով: Հիշեցնեմ, որ այս ձևաչափը ԱՄՆ նախաձեռնությունն է՝ 2018-ի հուլիսից: Հայաստանը միացել է 2020-ին: Հայաստանի միանալու հնարավոր մոտիվների առնչությամբ իմ դիտարկումը ներկայացրել էի նախորեի գրառմանս մեջ: Գործնականում, այդ ալյանսի միջավայրը իհարկե զգալիորեն ենթարկվել է կերպափոխման, այդ թվում ԱՄՆ հիմնական մոտիվի՝ Չինաստանի հանդեպ մեխանիզմի առումով, թեև, որպես այդպիսին, ալյանսի ֆորմալ նպատակները ընդհանուր են ու լայն՝ տարբեր երկրներում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: Եվ այդ համատեքստում ալյանսի հարթակը Հայաստանի համար այսօր կարող է ծառայել Ադրբեջանում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման, արցախահայության իրավունքների ոտնահարման, էթնիկ զտման, բռնի տեղահանության հարցերը առաջ մղելու հնարավորություն: Ինչ խոսք, մեղմ ասած մեծ հարց է, թե Հայաստանը որքանով ունակ կլինի օգտագործել այդ հնարավորությունն արդյունավետ: Վերստին անդրադառնամ տեսակետներին, որ միանալով ալյանսին, Հայաստանը միացել է ԱՄՆ հակաչինական նախաձեռնությանն ու խաթարել Չինաստանի հետ հարաբերությունը: Դարձյալ բերեմ հարևան Վրաստանի օրինակը, որը ալյանսին անդամակցել է Հայաստանի հետ գրեթե զուգահեռ: Վրաստանի անդամակցությունն ալյանսին, ըստ էության, որևէ կերպ չի խանգարել զարգացնել հարաբերությունը Չինաստանի հետ: Ըստ այդմ, խնդիրը ալյանսին անդամակցելը չէ, այլ աշխատանքի կարողունակությունը: Ի դեպ, նույն ալյանսին միացել է նաև Հունգարիան, բայց կարծես թե Պեկին-Բուդապեշտ հարաբերությունն էլ վատ չէ, իսկ նախորդ տարի Չինաստանի նախագահը Եվրոպա այցի ընթացքում երեք երկրներից մեկն էլ եղել է հենց Բուդապեշտում: Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանն, ԱՄՆ-ում մասնակցելով Կրոնական ազատությունների ալյանսի հերթական գագաթնաժողովին, կբարձրացնի՞ արցախահայության ոտնահարված իրավունքների, ոչնչացվող հայկական կրոնական-մշակութային ժառանգության խնդիրներ: Այլապես, այցն ըստ էության կծառայի գերազանցապես ներքաղաքական քարոզչական նպատակների»: