«Հայաստանն ակնկալում էր Թրամփի վարչակազմի հետ լրացուցիչ կոմունիկացիայի հնարավորություն»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանի վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ անցկացվելու է Միջազգային կրոնական ազատությունների 5-րդ գագաթնաժողովը: Փաշինյանը կմասնակցի դրան: Հայաստանը կրոնական ազատությունների ալյանսին միացել է 2019 թվականին: Այդ նախաձեռնությունը Թրամփի վարչակազմինն էր: Այդ նախաձեռնությունը Չինաստանի հանդեպ մրցակցության տրամաբանության մեջ էր, օգտագործելու համար, օրինակ, ույգուրների խնդիրը՝ Պեկինի հանդեպ ճնշման համար: Երբ Հայաստանը միացավ այդ ալյանսին, շատ էր ընդդիմախոսությունը, որ փաստորեն միանում է Չինաստանի դեմ նախաձեռնությանը, ինչը կվնասի հայ-չինական հարաբերությանը: Մեխանիկայի իմաստով այդ մտահոգությունն ուներ հիմք, սակայն, այստեղ կա երկու հանգամանք: Նախ, այդ ալյանսը մեկ նպատակի կազմակերպություն չէր, այլ հարթակ, որին յուրաքանչյուր միացող միանում էր իր նպատակներով ու խնդիրներով: Իմ գնահատմամբ՝ Հայաստանը միանալով այդ ալյանսին, թերևս, ակնկալում էր Թրամփի վարչակազմի հետ լրացուցիչ կոմունիկացիայի հնարավորություն՝ այդ կերպ մտածելով Կովկասի հանդեպ Թուրքիայի աճող հավակնությունը զսպելու տարբերակի մասին: 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ այդ հաշվարկը կա՛մ չի արդարացել, կա՛մ Հայաստանը պարզապես չի կարողացել վարել արդյունավետ դիվանագիտություն՝ այն արդարացնելու համար: Չեմ կարող բացառել, որ դեր է ունեցել այն, որ 2019-ի սեպտեմբերին պաշտոնանկ եղավ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Ըստ տեղեկությունների՝ Երևանին հաջողվել էր որոշակի կայուն ու դրական երկխոսություն ծավալել հենց նրա հետ: Ընդ որում, եթե դա այդպես է, ապա ավելի շուտ արտացոլում է վրիպումի մասին, երբ կարևոր հարցերը կախված են մնում մեկ անձի հետ կոմունիկացիայից: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, այստեղ իհարկե մեխանիկական ընդդիմախոսությունը, թերևս, այդքան էլ փաստարկված չէ: Եթե առաջացել է խնդիր, ապա դա կարող էր լինել վատ աշխատանքի, այլ ոչ թե ինքնին ալյանսին միանալու հետևանքով: Օրինակը Վրաստանն է: Վրաստանը ևս միացել էր Կրոնական ազատությունների այդ ալյանսին, բայց Չինաաստանի հետ Վրաստանի հարաբերությունը դրանից չի վատացել: Ավելին, այդ հարաբերությունը զարգացել ու խորացել է: Ի վերջո, մեր տիպի երկրների համար միշտ էլ բարդ է շարժվելը և աջ կամ ձախ քայլ անելիս միշտ պետք է արդյունավետ կոմունիկացիայով ապահովվի հակառակ կողմի համար պարզաբանումը, հակառակ էֆեկտներ չստանալու համար: Այսօր արդեն համաշխարհային իրավիճակը էապես այլ է, քան 2019-ին: Այլ են նաև Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները, նաև Հայաստանի դիրքերը՝ դժբախտաբար: Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Հայաստանը Կրոնական ազատությունների այդ նախաձեռնության շրջանակում: Այսօր համաշխարհային փոփոխություններն, ըստ էության, շրջադարձային ու բախտորոշ են, փաստացի աշխարհի վերաբաժանում: Շրջադարձային այդ փուլերում առավել քան հիմնարար գործոններից և բաղադրիչներից է դառնում դավանաքաղաքականությունը: Իսկ Հայաստանն այդ առումով, ինչպես բազմիցս ունեցել եմ առիթ ասելու, «տիրապետում» է բավականին հարուստ պատմաքաղաքական և ընդհուպ իրավաքաղաքական ռեսուրսների: Բնական է, որ այդ «հարստությունը» ենթադրում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր, բայց տալիս է աշխատանքային բազա: Այլ է հարցը, թե պաշտոնական Երևանը ինչպես է մոտենում այդ բաղադրիչին, հետևաբար՝ ինչպես է ունակ թե՛ հայեցակարգորեն, թե՛ մասնագիտորեն օգտագործել Հայաստանի այդ ռեսուրսը, բնականաբար առանց ավելորդ սնապարծության ու պատրանքների, բայց նաև առանց ավելորդ ինքնախարազանման և «ամնեզիայի»: Շատերը դավանաքաղաքականության բաղադրիչը թյուրիմացաբար նույնացնում են քաղաքական իռացիոնալիզմի հետ, այն դեպքում, երբ բաղադրիչը գործնականում համաշխարհային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկի՝ տրադիցիոնալիզմի անկյունաքարերից մեկն է: Ըստ այդմ, հարցը այն է, թե որն է պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքական ուղենիշն ու քաղաքականության արժեհամակարգային, հայեցակարգային կառուցվածքը: Ցավոք, առնվազն հրապարակային հռետորաբանության մեջ «դավանանք» է հռչակվել կենցաղը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Նիկոլ Փաշինյանը տեր է ման գալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3223:36«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
8322:00Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ (տեսանյութ)
10321:24«Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է 60-րդ հոդվածի հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել». Արթուր Չախոյան
9821:18ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցի արդյունքները
11020:48«Հայաստանը շարունակում է մնալ անշարժ». Դավիթ Անանյան
12620:18