Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ.

«ԵՄ-ն և ԱՄՆ-ն սեփական ցանկությամբ լքելու են մեր տարածաշրջանը»․ Նաիրի Հոխիկյան

80
Այսօր, 14:12
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն սեփական ցանկությամբ լքելու են մեր տարածաշրջանը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջարկում եմ մեկ ընդհանուր հարթակում նայել հետևյալ իրողությունները․
1․ Ռուբեն Վարդանյանի համարձակ և իրենց բնույթով հեղափոխական ուղերձները Բաքվի բանտից
2․ Այսպես կոչված խաղաղության, իրականության պատերազմի պայմանագրի ամբողջական համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև
3․ Ադրբեջանի շարունակական պահանջները Հայաստանի նկատմամբ
4․ Նիկոլի և նրա քաղաքական ոհմակի ագրեսիվ վարքագիծը
5․ Ռուսաստանի և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական առևտուրը
Իմ կարծիքով, բոլոր այս 5 կետերը փոխկապակցված են, որոնցից յուրաքանչյուրը ուղիղ ազդեցություն է ունենում մյուսների վրա։
Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց բացահայտ է պարում թուրք-ադրբեջանական մուղամի տակ՝ փորձելով հայ ժողովրդին համոզել, թե թուրքի ստրուկ լինելը ֆիզիկական գոյության միակ պայմանն է։ Բայց դրան զուգահեռ՝ Բաքվի բանտում, խոշտանգումների մեջ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը և մեր մյուս հայրենակիցները ցույց են տալիս բացառիկ կամք՝ դիմադրելու թշնամու ճնշումներին՝ աչքի առաջ ունենալոն նաև մահվան վտանգը։ Ռուբենի համարձակ ուղերձները մեծ արագությամբ ոչնչացնում են Նիկոլի բոլոր հիմարությունները Հայաստանի նվաստացուցիչ ապագայի մասին՝ հայ ժողովրդին ցույց տալով պայքարի օրինակ։
Բայց ես նաև կարծում եմ, որ Ռուբենը չէր կարողանա Բաքվից այդպես անարգել կապ պահել իր հարազատների հետ ու առավել ևս ուղերձներ հղել Արցախի մասին, եթե չլիներ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը և ներքին ճնշումը Ադրբեջանի վրա։
Ահա թե ինչու են շտապում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը՝ օր առաջ ստորագրել (խաղաղության) պատերազմի պայմանագիրը և ավարտել 2018-ի գործարքը, ինչը հանգեցնելու է Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի, իսկ Նիկոլի համար՝ ֆիզիկական անվտանգության։
Ահա թե ինչու են ագրեսիվ պահվածքով Նիկոլի թիմակիցները՝ հասկանալով, որ իրենց ոտքերն ավազի վրա են, և մեծ արագությամբ են իրենք խրվում տիղմի մեջ։
Կարծում եմ․
1․ Ինչպես նշել էի դեռևս 2024-ի աշնանը, այս տարի՝ 2025-ի ապրիլ-մայիս ամիսներին ավելի մեծ է լոկալ պատերազմի վտանգը՝ Հայաստանի հանձնումն արագացնելու համար։ Կարևոր դերակատարում պիտի ունենա հայկական բանակը՝ չհանձնվելու և պայքարելու համար։
2․ Նիկոլը անելու է չտեսնված շատ բռնապետական քայլեր իշխանությունը մի քիչ էլ պահելու համար։ Լինելու են մեծ քանակի ձերբակալություններ և այնպիսի ապօրինի գործողություններ, որոնք մեր նորանկախ պատմության մեջ տեսած չկանք։
3․ Ադրբեջանը չի ստորագրելու որևէ պայմանագիր և մեծացնելու է սպառնալիքները Հայաստանի նկատմամբ։
4․ Իրանը և Ռուսաստանը բացահայտ ներգրավվելու են գործընթացի մեջ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն սեփական ցանկությամբ և ՌԴ-ի հետ համաձայնությամբ լքելու են մեր տարածաշրջանը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան