Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Թրամփը չունի Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավվելու որևէ շահ»․ Հակոբ Բադալյան

78
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 15:36
«Թրամփը չունի Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավվելու որևէ շահ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Տրամպի հայտարարությունը, որ չի բացառում Իրանի դեմ պատերազմը, ըստ իս գերազանցապես քարոզչական բնույթի է: Ինչպես հայտնի է, նրան հարցրել են՝ պատերազմ հնարավո՞ր է, նա էլ ասել է, թե չի բացառում ոչինչ:

Բնական է, որ չէր ասի, թե պատերազմը բացառում է:

Բայց, ըստ իս, Տրամպը չունի Իրանի դեմ պատերազմի մեջ ներգրավվելու որևէ շահ և մոտիվ: Այդ պատերազմը ԱՄՆ համար կդառնա գուցե ավելի մաշող, քան նույնիսկ ուկրաինական պատերազմը ՌԴ համար: Երկրորդ, Իրանն ինչո՞վ է խանգարում ԱՄՆ-ին, եթե հայացքը մի պահ կտրենք զուտ տեղեկատվա-քարոզչական նարատիվներից:

Նկատի ունեմ, ինչո՞վ է խանգարում այն աստիճան, որ լինի պատերազմի մեջ մտնելու կարիք: Իմ կարծիքով, Իրանը չի ներկայացնում ԱՄՆ համար այդպիսի խնդիր: Ընդհանրապես, Իրանի հարցը ռուս-ամերիկյան հարաբերության առանցքային հարցերի տիրույթում է։

Իհարկե կասեք, որ կա Իսրայելը: Այսինքն, Իսրայելն է ձգտում ադպիսի պատերազմի և ԱՄՆ-ին ներգրավելուն: Ես այստեղ կառանձնացնեի Իսրայելն ու ներկայիս վարչակազմը, մասնավորապես Նաթանյահուին:

Նաթանյահուն ձգտում է ավելի մեծ պատերազմի, դրանում տեսնելով իր քաղաքական կենսունակությունը: Բայց, այդուհանդերձ ինձ թվում է, որ նրա առանձնատան երկու թիրախավորումները նրան հուշեցին, որ պատերազմի հետ ինքնամոռաց խաղը կարող է լինել վտանգավոր, ու այն, ինչ դիտվում է քաղաքական փրկություն, իրականում կարող է դառնալ լրիվ հակառակի պատճառ:

Իսրայելը ԱՄՆ համար դարձել է խնդիր: Երբ փոխվում է ռեգիոնալ ուժերի հարաբերակցությունը, բայց չի փոխվում ամերիկա-իսրայելական հարաբերության մեխանիկան, այդտեղ առաջանում է մեծ խնդիր: Այստեղ իրավիճակը մի քանի անգամ առիթ եմ ունեցել նմանեցնել հայ-ռուսական հարաբերության հետ: Այդ հարաբերության «մենթալ», «սոցիալ-հոգեբանական» հիմքը եւ ռազմա-քաղաքական ճարտարապետությունը ըստ էության որոշակի պահից սկսել է հակասության մեջ մտնել ռեգիոնալ ուժերի հարաբերակցության հետ, ըստ այդմ ՌԴ համար դրանից բխող անհրաժեշտությունների հետ:

Դրսևորումները ամերիկա-իսրայելական հարաբերության պայմաններում կարող են այլ լինել, շատ ավելի անաղմուկ, քանի որ ԱՄՆ-ում իսրաայելական լոբբին անհամեմատ ավելի ազդեցիկ է, քան օրինակ Ռուսաստանում հայկկան լոբբին: Դրանից բացի, օրինակ ԱՄՆ կարողացավ փափուկ տեխնոլոգիաներիկիրառումով իր օգտին ծառայեցնել հայ-ռուսական նշածս խնդիրը, իսկ ահա Ռուսաստանը կամ որեւէ այլ սուբյեկտ չունի համարժեք փափուկ տեխնոլոգիական կարողություններ՝ ամերիկա-իսրայելական խնդիրը քարոզչական վերարտադրության ենթարկելու համար:

Բայց, խնդիրը կա: Ավելին, նույնիսկ մեծ հարց է՝ երբ խնդիրը կա, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում առավել նախընտրելի է, որ այն շոուտ դուրս գա ջրի երես, թե՞ երկար ժամանակ շարունակվի դրա ստորջրյա լողը եւ դրանից բխող լարվածության լիցքերի կուտակումը:

Սրանք իհարկե տեսական քննարկումների եւ բանավեճի հարցեր են, բայց համենայն դեպս պատկերը բոլորովին միարժեք չէ:

Այդ տեսանկյունից, Իրանն ըստ իս դեռ պետք է լինելու Միացյալ Նահանգներին, ընդ որում՝ ուժեղ և կենսունակ Իրանը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան