«Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես». Սիսակ Գաբրիելյան
99
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 16:42
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես։ Գուցե անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։ Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։ Հարգելի քաղաքացի, ուզո՞ւմ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․ Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝ 1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։ 2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։ 3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։ Արդյունքում՝ • Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։ • Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։ Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ: Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։ Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու։ հ.գ. ժողովուրդ ջան, քանի որ քոմենթներում տեսնում եմ գրառումներ, պարզաբանեմ: 1.Այսօր աշխատող մարդու կամ առկա բյուջեի հաշվին չի արվելու որևէ բան 2. այս խմբի շահառուները միևնույն է իրենց աշխատավարձից փաստացի կվճարեն այնքան գումար որքան ի սկզբանե պարտք էին արել: 3. այս մարդիկ այսօր հարկ չեն վճարում, քանի որ չեն աշխատում, բայց միևնույն է օգտվում են Ձեր վճարաճ հարկերից գոյացած բյուջեից: Հիմա պետությունն իրենց ասում է, գնա աշխատիր, դարձիր օրինական հարկատու, վճարիր հարկեր»: