«Տեսնում եմ իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը»․ Գագիկ Ծառուկյան
83
Երեկ, 15:24
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել 168.am-ին, որտեղ, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է տարածաշրջանային և տնտեսական խնդիրներին։ Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից։ - Կա՞ն արդյոք ստրատեգիական մոտեցումներ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը մեր երկրի համար, մեր տարածաշրջանում։ - Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։ Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍ-ի անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրոմիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել: Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդառնա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։ Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում: Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։ - ԱԺ-ն շաբաթներ շարունակ բուռն քննարկում էր 2025-ի բյուջեն, և ՀՀ տնտեսության իրական վիճակի մասին եղան տարաբնույթ, խիստ լավատեսականից մինչև սուր քննադատական գնահատականներ։ Դուք հետևե՞լ եք դրանց, և ո՞րն է ձեր տեսակետը։ - Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին ես ԱԺ քննարկումներից չէ, որ պիտի պատկերացում կազմեմ։ Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։ Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը: Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ-հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։ Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել: Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում: Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։ Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր՝ պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր՝ վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարն ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։