Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

«Ամոթը ոչ թե բոյկոտելն է, այլ անտրամաբանական որոշումներին լուռ ենթարկվելը». Սոնա Աղեկյան

107
Այսօր, 17:30
«Ամոթը ոչ թե բոյկոտելն է, այլ անտրամաբանական որոշումներին լուռ ենթարկվելը». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոյկոտելը ամոթ չէ, ամոթը՝ անտրամաբանական որոշումներին ենթարկվելն է:
Երևանի քաղաքային իշխանությունները շարունակում են իրենց հակասական քաղաքականությունը, որի նպատակն, ըստ էության, հասարակությանը ճնշելն ու գերի դարձնելն է սեփական քաղաքում։ 100 դրամով երթևեկելու պահանջը ներկայացվեց հիմնավոր հաշվարկներով, հասարակության ակնհայտ աջակցությամբ, սակայն իշխանություններն անտեսեցին դա՝ ապավինելով վարչական լծակներին ու պարտադրելով մարդկանց ենթարկվել։
Բայց հասարակությունը լռել չի պատրաստվում։ Տրանսպորտի բոյկոտն արդեն իսկ ցույց է տալիս, որ քաղաքացիները հասկանում են՝ հնազանդվելն ու այդպիսի որոշումները նորմալ ընդունելը ոչ թե պարտավորություն է, այլ ընտրություն, ու իրենք ընտրել են պայքարել։
Հակառակը պնդողներին ուզում ենք հիշեցնել՝ բոյկոտը քաղաքացիական անհնազանդության օրինական գործիք է, որը կիրառվել է ամբողջ աշխարհում՝ անարդար որոշումներին հակազդելու համար։ Տրանսպորտի թանկացումը ոչ միայն հիմնավոր չէ, այլև սոցիալապես կործանարար։ Այն քաղաքացիներին կանգնեցնում է երկու տարբերակի առաջ՝ կա՛մ հարմարվել ու վճարել իրենց գրպանին ոչ համապատասխան գումար, կա՛մ տրանսպորտի բոյկոտով պայքարել սեփական իրավունքների համար։
«Մայր Հայաստան» շարժման ներկայացրած նախագիծը, որի տակ ստորագրել է 17 հազար քաղաքացի, հիմնված է կոնկրետ հաշվարկների և փաստերի վրա։ Ըստ մեր նախագծի՝
տրոլեյբուսի ուղեվարձը պետք է լինի 50 դրամ,
ավտոբուսի և մետրոյի ուղեվարձը՝ 100 դրամ, թոշակառուներն ու հաշմանդամները կերթևեկեն անվճար։
Սա իրական լուծում է, որը հաշվի է առնում քաղաքացիների սոցիալական վիճակը և տնտեսական հաշվարկները։ Բայց իշխանություններն այս նախագիծը վախենում են բերել Ավագանու օրակարգ, որովհետև գիտեն՝ քաղաքացիների շահերից է բխում։
Փոխարենը՝ իրենց թանկացած նախագիծը, որին դեմ են քաղաքացիները, փորձում են պարտադրել մարդկանց՝ առանց հաշվի առնելու հենց այդ նույն մարդկանց կարծիքը։
Ամոթը ոչ թե բոյկոտելն է, այլ անտրամաբանական, սոցիալապես կործանարար որոշումներին լուռ ենթարկվելն է։ Այսօր ՔՊ-ական իշխանությունները փորձում են քաղաքացիներին գերի պահել իրենց սխալ որոշումներին՝ առանց հաշվարկի, առանց հիմնավորման, պարզապես սեփական կամակորությունը բավարարելու համար։ Բայց հիշենք, որ իշխանությունն ուժ ունի միայն այն դեպքում, երբ ժողովուրդը համաձայնում է ենթարկվել։
Եթե բոյկոտը շարունակվի, իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել հանրային պահանջի հետ։ Պետք չէ վախենալ քաղաքացիական անհնազանդությունից․ սա պայքարի անհրաժեշտ գործիք է, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Այսօր մեր խնդիրն է ոչ թե ենթարկվել անտրամաբանական որոշումներին, այլ պաշտպանել մեր իրավունքները։ Եվ մենք դա կանենք՝ բոյկոտելով անարդար որոշումները՝ վճարներն ու պարտադրանքները»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան